Home / Հայաստան / Զինվորին ծանր վիճակում Մուրացանի հոսպիտալ են բերել․ հարազատների խոսքով՝ տղային ծեծել են

Զինվորին ծանր վիճակում Մուրացանի հոսպիտալ են բերել․ հարազատների խոսքով՝ տղային ծեծել են

Այս գիշեր՝ ժամը 03:30-ի սահմաններում ԼՂՀ Պաշտպանության բանակի Չոփռլուի զորամասից ծայրահեղ ծանր, գրեթե անգիտակից վիճակում, Երևանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել 18-ամյա Մհեր Խլղաթյանը: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Մհերը բանակ էր զորակոչվել 2013թ դեկտեմբերի 18-ին՝ Կենտրոնի զիմկոմիսարիատից:

Կայքը տեղեկացրել է, որ հոսպիտալի մոտ հավաքված Մհերի մտերիմներն ու ընկերների խոսքով՝ զինվորը զորամասում դաժան ծեծի է ենթարկվել և մարմնի վրա կան ծեծի բազմաթիվ հետքեր։

«Մինչև Երևան տեղափոխելը զինվորը մի քանի օր ունեցել է թոքերի լուրջ խնդիր և զորամասի բուժկետում նրա նկատմամբ բռնություն են կիրառել բժիշկն ու բուժակները, որոնցից ավելի ագրեսիվ պահվածք է դրսևորել ոմն Արմանը և Նարեկը: Մինչ Երևանի հոսպիտալ տեղափոխելը զինվորին տարել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ որոշ ժամանակ պահելուց հետո, տեսնելով որ չեն կարողանում զինվորին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել, նոր տեղափոխում են Երևան: Զորամասում, իմանալով, որ տղայի վիճակը դառնում է օրհասական, համաձայնվում են նրան տեղափոխել Երևան», – պատմել են տղայի հարազատները։

Еpress.am-ի թղթակիցը այցելել է հոսպիտալ, սակայն որևէ տեղեկատվություն ստանալ չի հաջողվել։ Անցակետում նրան ասել են, որ լրագրողների մուտքը հոսպիտալի տարածք արգելված է, ապա խորհուրդ են տվել դիմել ՊՆ լրատվական բաժին։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը զբաղված է եղել և չի կարողացել պատասխանել հեռախոսազանգերին, իսկ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը խոստացել է դեպքի մասին մանրամասներ հայտնել ավելի ուշ։ 

Լուսանկարը՝ Մհեր Խլղաթյանի «Ֆեյսբուք» սոցցանցի էջից