ՀՀ ՊՆ-ն հրաժարվում է փոխհատուցել զինված ուժերի թոշակառու Էդվարդ Հախվերդյանի վիրահատության գումարը։ Այս մասին Հախվերդյանը պատմել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի իրավապաշտպաններին, ում նախկին զինծառայողը դիմել է պաշտպանության համար։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նշում է, որ Էդվարդ Հախվերդյանը 2011 թ. հոկտեմբերին սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշմամբ տեղափոխվել է Երևանի «Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ, որտեղ նա ենթարկվել է սրտի վիրահատության` կատարվել է սրտամկանի ստենդավորում: Վիրահատությունն արժեցել է 1.860.000 ՀՀ դրամ:
Հախվերդյանը հիվանդանոցից դուրս է գրվել առանց վիրահատման գումարը վճարելու, քանի որ նա զինծառայողի ընտանիքի անդամ է և զինված ուժերի թոշակառու: Այս հանգամանքների առկայության դեպքում պետությունն է վճարում բուժհաստատության բոլոր ծախսերը:
2012թ. հունիսի 13-ին Երևանի «Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացնում 1.860.000 դրամ գումարի փոխհատուցման պահանջով, քանի որ պետությունը սահմանված ժամանակահատվածում չի փոխհատուցել զինծառայողի կենսաթոշակ ստացող անձի բուժման ծախսերը:
2012 թ. հունիսի 20-ին դատարանը հայցն ընդունում է վարույթ և արգելանքի վերցնում Հախվերդյանին պատկանող սեփականությունն ու դրամական միջոցները:
Բացի այն, որ Հախվերդյանը վիրահատությունից հետո բազմաթիվ անգամներ բանավոր դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն` փոխհատուցում ստանալու խնդրանքով, նա 2012 թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին գրավոր դիմում է ուղարկել` խնդրանքով փոխհատուցել վիրահատության ծախսերը:
ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է, որ, համաձայն գործող իրավական ակտերի, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչությունը որևէ լիազորություն չունի` այսպիսով մերժելով նախկին զինծառայողի դիմումը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նշում է, որ «Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով ՀՀ-ն ստանձնել է պարտավորություն` ապահովելու որակյալ, անվճար բժշկական օգնություն, ընդ որում՝ օրենքը որևէ կերպ չի առանձնացնում հիվանդանոցային սպասարկման որևէ տեսակ, որի համար կատարված ծախսերը չեն փոխհատուցվում:
«Այսպիսով, ՀՀ ՊՆ նախարարը 2010 թ. դեկտեմբերի 21-ին ընդունված հրամանն ավելի վեր դասելով ՀՀ օրենքից` Է. Հախվերդյանի վիրահատության գումարը փոխհատուցելու խնդրանքով դիմումը մերժել է:
Միայն վերը շարադրվածը բավարար է հիմնավորելու համար, որ ՀՀ ՊՆ պարտավոր էր կատարել վիրահատության ծախսերի փոխհատուցում: Միևնույն ժամանակ նշենք, որ նմանատիպ խնդրով 2008 թ. հուլիսի 8-ին ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետին դիմած Հովհաննես Կաթրջյանի բուժծառայությունների արժեքը` 1.900.000 ՀՀ դրամ, փախհատուցվել է:
Սա հիմք է տալիս եզրակացնել, որ ՀՀ ՊՆ ընտրողական վերաբերմունք է ցուցաբերում նույն խնդրով դիմած անձանց հանդեպ:
Այս հանգամանքները հաշվի առնելով Էդվարդ Հախվերդյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը դիմում է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին խնդրանքով ` վերացնել ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Գ. Թեփելյանի մերժումը և փոխհատուցել Է. Հախվերդյանի վիրահատության համար Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան ՊՈԱԿ-ի կատարած ծախսերը:
Հարկ է նշել, որ այս դիմումը ՀՀ ՊՆ է ուղարկվել մեկ ամիս առաջ և դեռևս պատասխան չի ստացվել», – նշում է իրավապաշտպան կազմակերպությունը: