2014 թվականին ՀՀ կրթության նախարարության գերակա խնդիրներից է հանրակրթության ոլորտում 9-ամյայից անցումը 12-ամյա պարտադիր, այդ թվում` մասնագիտական կրթության: Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
Ըստ նախարարի` այդ ուղղությամբ շարժվելու համար այս տարվա բյուջեում նախատեսված են բավականաչափ միջոցներ, ինչպես նաև առկա է համապատասխան օրենսդրական նախաձեռնություն:
Աշոտյանը կարևորել է նաև ազգային փոքրամասնությունների համար իրականացվող միջոցառումները` մայրենի լեզվով դասավանդման որակի բարձրացման, դասագրքերի մշակման և ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ: Անդրադառնալով նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում գերակա խնդիրներին` նախարարը նշել է, որ ընթացիկ տարում շարունակվելու են տարիներ առաջ մեկնարկած բարեփոխումները` ԵՄ-ի և այլ միջազգային գործընկերների օժանդակությամբ:
«Ոլորտը տարեցտարի առավել պահանջված է դառնում: ՀՀ կառավարությանը հաջողվել է ընթացիկ տարվա համար ԵՄ-ի համապատասխան ֆոնդերից 6 մլն եվրո դրամաշնորհ հատկացնել գյուղատնտեսական քոլեջներին` վերջիններս արդիականացնելու և դրանք տնտեսության համար առավել պահանջված դարձնելու ուղղությամբ»,-նշել է նախարարը։
Աշոտյանի խոսքով՝ կրթության ոլորտում գերակա է նաև հակակառուպցիոն ռազմավարության միջոցառումը, որը դեռ երկար ժամանակ պարտադիր պայման է լինելու և կրելու է շարունակական բնույթ:
«Մենք ունակ ենք լսել հասարակության ձայնը և մեր որոշումների կայացման գործում այդ ձայնը դարձնել որոշիչ, եթե այն փաստարկված է: Այսպիսի հետադարձ կապ հասարակության հետ մենք երբեք չենք ունեցել, և որոշումների կայացման գործընթացում նման տեսակի թափանցիկություն և մատչելիություն երբեք չի եղել, այդ թվում` կրթության ոլորտում», – նշել է Աշոտյանը: