Գյումրիում գործող «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության աշխատակիցները երկու օր առաջ վառելափայտ բաժանելու նպատակով այցելել էին Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հանրակացարան, որտեղ բնակվող մի շարք բազմազավակ ընտանիքների մայրերի և երեխաների մոտ նկատել էին մաշկային վարակիչ հիվանդության դեպքեր:
Կազմակերպությունն ահազանգ էր հնչեցրել՝ կոչ անելով լուսաբանել հանրակացարանում տիրող իրավիճակը, որպեսզի իշխանությունները ի վերջո ուշադրություն դարձնեն կիսափլված, կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից զուրկ և հակահիգենիկ պայմաններում ապրող ընտանիքների խնդիրներին:
«Շիրակ կենտրոն»-ը նշում է, որ, ահազանգին ի պատասխան, Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետը ընդամենը զարմանալով ասել էր, որ այդ հանրակացարանում գրեթե բնակիչ չկա: Իսկ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փորձագետ Լիանա Թորոսյանն էլ հետևյալ հայտարարությամբ էր հանդես եկել. «Գյումրիի 2-րդ հանրակացարանում բնակվող 40 հոգուց ընդամենը մեկ ընտանիքի երկու երեխայի մոտ են հայտնաբերվել մաշկային հիվանդության ախտանշաններ՝ վերքեր և ցան, վերցվել է քսուք և կատարվում է համապատասխան հետազոտություն»։
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կայքի լրագրողն այցելել էր հանրակացարանում բնակվող ընտանիքին: Մի քանի քառակուսի մետր զբաղեցնող սենյակի կողք կողքի դրված մահճակալներում պառկած են եղել Լիանա Մուրադյանի ու նրա եղբոր կնոջ` Աիդա Ստեփանյանի անչափահաս երեխաները: Հոդվածագիր Անի Մկրտչյանը նշում է, որ ընտանիքի բոլոր անդամների մոտ մաշկային հիվանդություն է առաջացել:
«Հիվանդությունը փոխանցվել է աստիճանաբար, պատճառն էլ էս պայմաններն են, որ վրեքս յարա է եղել: Ես էստեղ եմ ծնվել, մայրս Տեքստիլում (Տեքստիլի գործարանում) է աշխատել, արդեն 28 տարի է, ինչ էստեղ եմ: Մեզի վաուչեր էին տվել, որ տուն առնեինք: Երբ նեղն ընկանք, էդպես էդ կորավ գնաց, մնացինք նորից էս վիճակում: Բնակարանի հարցը չլուծվավ, փողը հերիք չեղավ, էդպես փողը գնաց, հիմա էսպես մնացել ենք»,-պատմել է Լիանան ու ավելացնում, որ իր բոլոր երեխաներն էլ ծնվել ու մեծացել են այս պայմաններում:
Գյումրու 2-րդ հանրակացարանում բնակվում է շուրջ 20 ընտանիք` սոցիալապես ծայրահեղ վատ վիճակում, ուր բացակայում են կենցաղային տարրական պայմանները: Ինչպես պատմում են բնակիչները, ընտանիքների թիվն ավելին է եղել: Ժամանակի ընթացքում մի մասը բնակարան է ստացել ու տեղափոխվել, իսկ մյուսները քաղաքից հեռացել են ընդմիշտ: Հանրակացարանը միակ ապաստարանն է շատերի համար, նաև` Լիանայի ու Աիդայի ընտանիքների: Երկու ընտանիքներում մեծանում է 11 երեխա:
Ինչպես պատմում է Լիանան, իրենք ունեն եկամտի մեկ աղբյուր` ընտանեկան նպաստը: Սննդամթերքը, դեղորայքն էլ գնում են կից խանութից ու դեղատնից` նպաստից մաս-մաս փակելու հույսով: Լիանայի խոսքով` երբեմն սննդով ու հագուստով օգնում են քաղաքապետարանն ու մարզպետարանը:
Լուսանկարները՝ asparez.am