Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի խոստումը չի կատարվել, և քրեական գործը շարունակվում է քննվել նույն անօրինական ընթացքով: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանը, ով նախորդ տարի մի քանի անգամ նստացույցեր է արել ՀՀ նախագահի նստավայրի մոտ։ Խուդոյանը պնդում է, որ քույրը կադաստրի աշխատողների օգնությամբ գողացել են մի շարք կարևոր փաստաթղթեր։ Նրա խոսքով՝ իրական կտակը պատռվել և հանվել է նոտարի պահպանման սեղանամատյանից։
Խուդոյանը հիշեցրել է, որ երբ նոյեմբերին բողոքի ակցիայի ժամանակ ինքը կարել էր բերանն ու հացադուլ հայտարարել, ՀՀ գլխավոր դատախազն ընդունել էր իրեն և խոստացել, որ կտակի մասով նոր փորձաքննություն կանցակցվի և հաշվի կառնվեն Խուդոյանի բոլոր հարցադրումները: Ավելին, գլխավոր դատախազն ասել էր, որ քննությունը կանցկացվի այն փորձագետի մոտ, ում Խուդոյանը վստահում է:
Երկու օր առաջ Խուդոյանին դատախազությունից տեղեկացրել են, որ կտակը նորից ուղարկվել է փորձաքննության և շուտով կլինի պատասխանը: Աշոտ Խուդոյանին անհանգստացնում է այն, որ այս անգամ ևս ինքը իր հարցերը բարձրացնելու հնարավորություն չի ունեցել:
Մեր զրուցակիցը հույս ուներ, որ նոր փորձաքննությունը կապացուցի, որ իրական կտակը գրանցամատյանից անհայտացել է:
«Երբ մենք դիմեցինք մեր գործը քննող դատախազ Կորյուն Ներսիսյանին, նա ասաց՝ գնացեք, քննիչին ապացուցեք, որ Գևորգ Կոստանյանը ձեզ խոստացել է, որ դուք կմասնակցեք փորձաքննությանը: Երբ ես զանգեցի քննիչին, նա բղավեց՝ «Աշոտ, դու ուզում ես ինձ հունից հանել», – ասել է Աշոտ Խուդոյանը:
Նա հավելել է, որ չնայած Գևորգ Կոստանյանի ցուցումներին, գործի քննության ընթացքում ոչինչ չի փոխվել։