Երեկ Ստամբուլում հազարավոր մարդիկ դուրս են եկել երթի՝ ի հիշատակ թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի, ով սպանվել էր 7 տարի առաջ հունվարի 19-ին։ Երթի մասնակիցները հերթական անգամ համոզմունք են հայտնել, որ սպանության իրական պատկերը քողարկվել է պետության կողմից։
Կիրակի տեղի ունեցած հիշատակի արարողության ժամանակ հազարավոր մարդիկ Թաքսիմից շարժվել են դեպի «Ագօս» թերթի գրասենյակ, որի մոտ սպանվել էր Դինքը։ Ոստիկանությունը, սակայն, մինչև երթի սկիզբը փակել էր Գեզի այգու ու Թաքսիմի հրապարակի մուտքը։ Միաժամանակ, ոստիկաններից մի քանիսը «Ագօս»-ի գրասենյակի առջև հավաքի ընթացքում սպիտակ բերետներ են կրել, ինչն արժանացել է մասնակիցների քննադատությանը, քանի որ սպիտակ բերետը Դինքի սպանության խորհրդանիշն է դարձել․ սպանության օրը մարդասպան Օգյուն Սամասթը սպիտակ բերետ էր կրում։
Հայազգի լրագրող ու ակտիվիստ Հայկո Բաղդատը Today's Zaman-ի հետ զրույցում հայտարարել է, որ անհրաժեշտ է հարցականի տակ դնել պետության գործառույթները, եթե մինչև օրս զրույցներ կան սպանության հետևում կանգնած կազմակերպված խմբավորման մասին։ Նա նաև Դինքի սպանությունն անվանել է «ազգային համաձայնության սպանություն»՝ պետության բազմաթիվ հատվածների ենթադրյալ պատասխանատվության պատճառով։
Նրա խոսքով՝ Դինքի սպանության մեջ հավանական է ոչ միայն «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության, այլև պետության այլ ուժերի մասնակցությունը։ Բաղդատը նշել է, որ գործով որպես մեղադրյալ անցնող ոստիկաններ Ալի Ֆուաթ Յիլմազերն ու Ռամազան Աքյուրեքը, պետական պաշտոնի բարձրացում են ստացել։
Իրավապաշտպան, Today's Zaman-ի սյունակագիր Օրհան Քեմալ Չենգիզը Դինքի սպանությունն ավելի լայն անկյունից է դիտարկում ու պնդում, որ Դինքի սպանությանը հանգեցրած գործընթացի ու դրա հետագա քողարկման հետևում ընկած է Թուրքիայում առկա «ինստիտուցիոնալ ռասիզմը»։ Անդրադառնալով մարդասպան Օգյուն Սամասթի մի շարք ոստիկանների հետ հիշարժան լուսանկարներին՝ Չենգիզը նշել է, որ որևէ այլ երկրում նման սկանդալը ՆԳ նախարարին կստիպեր հրաժարական տալ։
Նրա խոսքով՝ Ստամբուլի այն ժամանակվա նահանգապետ Մուամմեր Գյուլերը, ով անուշադրության էր մատնել Դինքի դեմ սպառնալիքները, պաշտոնի բարձրացում է ստացել՝ չնայած դրսևորած անփութությանը։
Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիյե Չեթինը կոչ է արել չեղյալ հայտարարել Գերագույն վերաքննիչ դատարանի վճիռն ու Դինքի սպանության գործով նոր հետաքննություն սկսել։
Թուրքահայ լրագրող Հրանտ Դինքը սպանվել է Ստամբուլում 2007 թվականի հունվարի 19-ին 17-ամյա ազգայնական Օգյուն Սամասթի կողմից, ով դատապարտվել է 23 տարվա ազատազրկման: Սամասթին սպանությունը պատվիրած Յասին Հայալը ցմահ ազատազրկման է դատապարտվել 2012 թվականի հունվարին, իսկ մեկ այլ կասկածյալ Էրհան Թունջելը արդարացվել է:
2013 թվականի մայիսին Գերագույն վերաքննիչ դատարանը չեղյալ հայտարարեց Առաջին ատյանի դատարանի սկզբնական վճիռը, ըստ որի սպանության հետևում կանգնած չէ կազմակերպված հանցավոր խմբավորում։ Առաջին ատյանի դատարանը ապացույցների բացակայության պատճառով մեղադրայլներին արդարացրել էր ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու մեղադրանքներից։ Վերաքննիչը, սակայն, նրանց մեղավոր էր ճանաչել սպանություն իրականացնելու նպատակով անօրինական զինված կազմակերպություն ստեղծելու մեջ։
Ստամբուլի 14-րդ քրեական դատարանը վերսկսել է գործի լսումները։