Կիևի կենտրոնում ցուցարարների ու իրավապահ մարմինների աշխատակիցների բախումների հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 200-ը։ Այս մասին հայտնում են Ուկրաինայի ՆԳՆ-ն ու Կիևի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանի տվյալներով՝ հունվարի 20-ի առավոտյան ժամը 6-ի դրությամբ շտապ օգնության բժիշկներին օգնության խնդրանքով դիմել է բողոքի ցույցի 103 մասնակից։ Նրանցից 42-ը տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է։
Ուկրաինայի ՆԳՆ-ում հայտնել են, որ բախումների հետևանքով տուժել է ներքին գործերի շուրջ 100 աշխատակից․ 61-ը հոսպիտալացվել է։
ՈւՆԻԱՆ գործակալության տվյալներով՝ այսօր՝ հունվարի 20-ին, Գրուշևսկու փողոցում, որտեղ երեկվանից շարունակվում են բախումները ցուցարարների ու ոստիկանության աշխատակիցների միջև, գտնվում է շուրջ 3000 մարդ։ Նրանցից ոմանք ոստիկանության ուղղությամբ քարեր ու պայթուցիկներ են նետում։
Բախումները սկսել են երեկ այն բանից հետո, երբ իրավապահները հրաժարվել են ցուցարարներին թույլ տալ անցնել դեպի Գերագույն ռադայի շենք։ Ցուցարարները Ուկրաինայի խորհրդարանից պահանջում էին չեղյալ հայտարարել հունվարի 16-ին ընդունված մի շարք օրենքներ, որոնք, մասնավորապես, խստացնում են խաղաղ ցույցեր անցկացնելու կանոնները, քրեորեն պատժելի են դարձնում զրպարտությունն ու համացանցում ծայրահեղական նյութերի տարածումը։