Home / Հայաստան / Կալիֆորնիայում 4 հայազգի երիտասարդներ մեղադրվում են սպանության փորձի մեջ

Կալիֆորնիայում 4 հայազգի երիտասարդներ մեղադրվում են սպանության փորձի մեջ

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Բուրբանք և Գլենդեյլ քաղաքների 5 բնակիչներ, այդ թվում՝ մեկ անչափահաս, ձերբակալվել են հունվարի 19-ին՝ սպանության փորձի կասկածանքով։ Նրանցից 4-ը ազգությամբ հայեր են։ Ոստիկանության տվյալներով՝ երիտասարդները Սանտա Մոնիկա նավամատույցում դանակահարել են երկու ձկնորսների։

Ինչպես հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը, երիտասարդները գիշերը ժամը 1։20-ի սահմաններում վեճի են բռնվել 43 և 30-ամյա ձկնորսների հետ։ Ականատեսների խոսքով՝ վեճը թեժացել է, ու երիտասարդները հարձակվել են ձկնորսների վրա՝ դանակի մի քանի հարված հասցնելով նրանց թևերին ու կրծքավանդակի շրջանում։

Բուրբանքի երեք բնակիչ՝ 24-ամյա Արայիկ Օվոյանը, 19-ամյա Գևորգ Բաղդասարյանն ու 18-ամյա Ալեքս Աքբարին, ինչպես նաև Գլենդեյլի 21-ամյա բնակիչ Աղավնի Մանուկյանը ձերբակալվել են՝ կրկնակի սպանության փորձի կասկածանքով։ Բերման է ենթարկվել նաև 16-ամյա երիտասարդ, սակայն նրա ինքնությունը չի հրապարակվում՝ անչափահաս լինելու պատճառով։

Տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոց, որտեղ նրանցից մեկին վիրահատել են․ նրանց երկուսի վիճակն էլ կայուն է։

Վիճաբանության ու հարձակման մասին մանրամասները չեն հաղորդվում։ Դեպքից հետո կասկածյալները փորձել են հեռանալ նավամատույցից, սակայն տեղի անվտանգության աշխատակիցները նրանց բերման են ենթարկել։

Չափահաս կասկածյալները դատարանի առջև կկանգնեն չորեքշաբթի։ 16-ամյա երիտասարդը տեղափոխվել է անչափահասների համար նախատեսված պահման վայր։  

1murder