Ուկրաինայի իշխող «Ռեգիոնների կուսակցության» խորհրդարանական խմբակցությունը պատրաստ է երեքշաբթի՝ Գերագույն ռադայի արտահերթ նիստի ժամանակ քվեարկել Նիկոլայ Ազարովի կառավարության հրաժարականի օգտին միայն այն դեպքում, եթե ընդդիմության առաջնորդներն ընդունեն նախագահ Վիկտոր Յանուկովիչի առաջարկն ու մտնեն կառավարության կազմի մեջ։ Այս մասին կիրակի հայտարարել է խմբակցության փոխնախագահ Միխաիլ Չեչետովը։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, ընդդիմության հետ բանակցություններից հետո՝ Յանուկովիչը վարչապետի պաշտոնն առաջարկել է «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկին, իսկ հումանիտար հարցերով փոխվարչապետի պաշտոնը՝ «ՈւԴԱՌ» կուսակցության խորհրդարանային խմբակցության ղեկավար Վիտալի Կլիչկոյին։
Ազարովի կառավարության հրաժարականն ընդդիմության հիմնական պահանջներից է։ Յացենյուկը, սակայն, հայտարարել է, որ ընդդիմությունն առայժմ ոչ մերժում, ոչ էլ ընդունում է երկրի ղեկավարի առաջարկը։ Նրա խոսքով՝ նման մակարդակի հարցը պետք է քննարկվի խմբակցությունների կողմից ու արժանանա ժողովրդի հավանությանը։
Նշենք, որ հունվարի 23-ին ցուցարարները գրավել Ուկրաինայի մի շարք տարածքային վարչական շենքեր։ Այս պահի դրությամբ, ընդդիմության վերահսկողության տակ են գտնվում Արևմտյան ու Կենտրոնական Ուկրաինայի գրեթե բոլոր վարչական մարմինները։
Հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը ցուցարարները գրավել են Կիևի Անկախության հրապարակի տարածքում գտնվող՝ Արդարադատության նախարարության շենքերից մեկը։
Կիրակի ցուցարարները փորձել են գրավել Դնեպրոպետրովսկի տարածքային վարչական շենքերից մեկը։ Ըստ ՆԳ նախարարության՝ ցուցարարները ոստիկանության վրա քարեր են նետել, իսկ իրավապահների կողմից ոչ մի հատուկ միջոց չի կիրառվել։ Ականատեսները, սակայն, պնդում են, որ ոստիկանները շենքը պաշտպանելու համար ցուցարարների ուղղությամբ գազային նռնակներ են նետել։
Ուկրաինայի «Հինգերորդ ալիք»-ը երկուշաբթի հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի դատարանը երկու ամսով ազատազրկել է վարչական շենքը գրավելու փորձի մեջ մեղադրվող 15 քաղաքացիական ակտիվիստի։