Փետրվարի 4-ին Հրազդան գետում հայտնաբերված սատկած ձկներից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել է սատկած ագռավ, հայտնում է Ecolur.org-ը։
«Փետրվարի 5-ին, նկարահանում իրականացնելիս ագռավի մարմինը դեռ տաք էր, իսկ կտուցը` արյունոտ: Վնասվածքներ թռչունի վրա չկային: Դեպքի վայրում գտնվող ձկնորսները ենթադրեցին. «Հաստատ ձուկ է կերել, թունավորվել ու սատկել»»,- տեղեկացնում է կայքը։
«Էկոլուր»-ի հաղորդագրությում ասված է, որ ձկնորսներից շատերը կարծիք են հայտնել` պատճառը «Ռուսալ-Արմենալ» ՓԲԸ ալյումինի գործարանի արտադրական թափոններն են, որոնք, լցվելով գետը, թունավորում են ջուրը:
«Հրազդան գետի զգալի հատվածում անզեն աչքով կարելի է նկատել սատկած ձկների մեծ քանակություն: Ձկնորսների խոսքով` ձկները կարող էին սատկել մոտակայքում գտնվող գործարանների արտահոսքից: Նրանցից մեկը պնդում էր` «քլորի արտահոսք է եղել, ջրից էլ է քլորի հոտ գալիս, իմ բռնած ձկանից էլ»։
«ԷկոԼուր»-ը տեղեկացրել է, որ ագռավին ուղարկել է լաբորատոր ստուգման՝ պարզելու նրա մահվան պատճառը:
«Երևան-Ջուր» ՓԲ ընկերության կայանի սանիտարական գոտու պետ Մանուկ Բեգլարյանը այդ առիթով ասել է, որ իրենք գետի հետ ոչ մի կապ չունեն:
«Մեր խողովակները գետի տակով գնում են դեպի Շենգավիթ և մեզ մոտից գետ քլորի արտահոսք չի կարող լինել»,-նշել է նա:
Խնդրի շուրջ Epress.am-ը զրուցել է «Ռուսալ-Արմենալ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալեքսանդր Մելքումյանի հետ, ով նշել է, որ իրենց գործարանի տեխնոլոգիան որևէ արտանետում չի ենթադրում, ուստի դեպի Հրազդան գետ արտադրական թափոնների արտահոսք լինել չի կարող։
Լուսանկարը՝ ecolur.org