Home / Հայաստան / Հայաստանը տնտեսապես խոցելի է ցնցումների նկատմամբ․ ԱՄՀ

Հայաստանը տնտեսապես խոցելի է ցնցումների նկատմամբ․ ԱՄՀ

Արժույթի միջազգային հիմնադրամն արձանագրել է, որ Հայաստանը խոցելի է ցնցումների նկատմամբ, գրում է azatutyun.am-ը։

«Կայունությունը պահպանելու, խոցելիությունները մեղմելու և միջին ժամկետում աճն ավելացնելու հետ կապված հիմնական մարտահրավերները պահպանվում են»,- տարածած հաղորդագրությամբ նշում է հիմնադրամի ղեկավարը՝ հստակեցնելով, որ շարունակում են տատանողական մնալ գնաճն ու տնտեսական աճը, որը, ըստ միջազգային կառույցի, անցած տարի զգալիորեն է դանդաղել:

Պահպանվում են նաև աղքատության և գործազրկության բարձր ցուցանիշները, ընդգծում է Արժույթի միջազգային հիմնադրամը:

«Ազատություն» ռադիոկայանը նշում է, որ իշխող Հանրապետական կուսակցությունը համաձայն չէ գնահատականների հետ։ Խորհրդարանի սոցիալական հարցերի մշտական հանձաժողովի ղեկավար Հակոբ Հակոբյանը հակադարձել է ԱՄՀ-ին՝ ասելով, թե պետությունը փոխհատուցել է գնաճը:

«Մենք արդեն բավական երկար տարիներ է կարողանում ենք կենսաթոշակների աճը ապահովել այնպես, որպեսզի աղքատության շեմից ներքև քաղաքացիները չհայտնվեն գնաճի պատճառով», – մասնավորապես, ասել է Հակոբյանը:

Արժույթի միջազգային հիմնադրամը անհրաժեշտ է համարում խորացնել բարեփոխումները` տնտեսական աճը սատարելու ու ամրապնդելու համար: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը այստեղ տեսնում է հստակ ուղերձ․ «Դա մեսիջ է, ուղարկում են մեր իշխանություններին, մասնավորապես գործադիր իշխանությանը, որ այդուհանդերձ բարեփոխումները ավելի ճիշտ վեկտորներով տանեն, որովհետև հակառակ դեպքում նրանց կողմից ֆինանսավորման այս ինստիտուտը կարող է դառնալ անհնար»:

Հիմնադրամի գնահատականները սուր չեն, համոզված է Բոստանջյանը, այս միջազգային կառույցը նույնիսկ պարտավոր է հաշիվ պահանջել գործադիրից․ «Հզոր ֆինանսական կազմակերպությունը, ըստ էության, այդ ֆինանսավորումը արտոնյալ պայմաններով արել է մի բանի համար, որ այդ բարեփոխումները իսկապես ընթանային այն ուղով, ինչ ուղով ինքը նշում է: Եվ հիմա ցանկացած պարագայում նման կառույցը կարող է մտահություն արտահայտել, որ ցավոք այդ բարեփոխումները չեն գնացել այն ուղղություններով, ինչ ուղղություններով ենթադրում էին»:

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ