Թուրքիայում ոստիկանությունը ուժի կիրառմամբ ցրել է երկրի խորհրդարանի կողմից ընդունված օրինագծի դեմ բողոքի ցույցի մասնակիցներին։ Խնդրահարույց օրինագիծը մեծապես սահմանափակում է ազատությունը համացանցում, թեև, ըստ օրենսդրության, այն կարող է ուժի մեջ մտնել միայն նախագահ Աբդուլլա Գյուլի հավանությունից հետո։
Today's Zaman-ի փոխանցմամբ՝ ցուցարարներից շատերը միմյանց հետ կապ են հաստատել սոցիալական ցանցերի միջոցով ու հավաքվել Ստամբուլի Բեյօղլու թաղամասի փողոցներից մեկում։ Ցուցարարները ցանկացել են շարժվել դեպի Թաքսիմ հրապարակ, սակայն ոստիկանները արգելափակել են նրանց ճանապարհը։ Ցուցարարներից ոմանք պայթուցիկներ են նետել ոստիկանների ուղղությամբ, իսկ վերջիններս, ի պատասխան, ջրցան մեքենաներ են կիրառել։ Ի վիճակի չլինելով հավաքվածներին ցրել միայն ջրցան մեքենաների միջոցով՝ ոստիկանները նրանց դեմ նաև արցունքաբեր գազ են կիրառել, ինչի հետևանքով մեծ թվով ցուցարարներ հոսպիտալացվել են։
Բողոքի ցույցը շարունակվել է մինչև ուշ երեկո։ Ցուցարարները բարիկադներ են կառուցել, որպեսզի կանխեն ոստիկանական մեքենաների շարժը դեպի ամբոխ, իսկ ոմանք ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել։
Անկարայում՝ Քիզիլայ հրապարակում, մարդիկ նույնպես հավաք են կազմակերպել ու բողոքել օրինագծի դեմ։ Նրանք իրենց հետ բերել էին «Մի կպեք մեր ինտերնետին», «Մենք դիմադրում ենք կառավարությանը», «Լուռ չենք մնալու» գրություններով պաստառներ։ Շուրջ 30 ցուցարարներ ցանկացել են երթ կազմակերպել, սակայն ոստիկանները խանգարել են նրանց։
Ինտերնետը վերահսկող վիճահարույց օրինագծի համաձայն՝ Հեռահաղորդակցման վարչության ղեկավարը լիազորված կլինի՝ իր նախաձեռնությամբ ու առանց դատարանի թույլտվության, արգելափակել յուրաքանչյուր կայք, այն դեպքում, եթե կա մտահոգություն, որ այն խախտում է անձնական գաղտնիության իրավունքը։
Հեռահաղորդակցման վարչություն բողոք ներկայացվելուց հետո՝ անհատների անձնական գաղտնիությունը խախտող տեսանյութերն ու կայքերը կարող են արգելափակվել 4 ժամվա ընթացքում, իսկ դատարանը դրանց վերաբերյալ վճիռ պետք է կայացնի 48 ժամվա ընթացքում։ Բազմաթիվ մարդկանց կարծիքով՝ այս քայլով իշխանությունը ցանկանում է վերահսկել ինտերնետային գործիքները՝ թույլ չտալով այլախոհներին ու քաղաքացիական լրագրության ներկայացուցիչներին տարածել տեսանյութեր կամ այլ տեղեկատվություն՝ հասարակական կամ քաղաքական գործունեության վերաբերյալ։