Home / Հայաստան / Ոստիկանությունը չի պատասխանել՝ ինչ կապ ունի առգրավված հերոինը Թևոսիկի եղբոր սպանության հետ

Ոստիկանությունը չի պատասխանել՝ ինչ կապ ունի առգրավված հերոինը Թևոսիկի եղբոր սպանության հետ

Քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանի (Կայարանցի Թևոսիկի) եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունից հետո իրավապահ համակարգում և քրեական աշխարհում լուրեր սկսեցին շրջանառվել, որ այդ սպանությունն ինչ-որ կերպ կապ ունի Մեղրիի մաքսակետում մոտ մեկ տոննա հերոինի հայտնաբերման և առգրավման հետ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Հերոինը հայտնաբերվել էր այս տարվա հունվարի 17-ին, իսկ սպանությունը տեղի էր ունեցել դրանից 10 օր անց՝ հունվարի 27-ին։

«Թե որքանով են այդ լուրերը համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել ոստիկանությունից։ Մեր գրավոր հարցմանը, թե արդյոք այդ սպանությունը որևէ կապ ունի հունվարի 17-ին հերոինի խոշոր խմբաքանակի հայտնաբերման հետ, ոստիկանությունը տվել է մի պատասխան, որով, ըստ էության, չի հերքել նման կապի հնարավորությունը․

«Արթուր Սաֆարյանի սպանության փաստով ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցված քրեական գործով Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշով (Ապօրինի կերպով զենք կրելը-խմբ․) և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Իսկ հունվարի 17-ին առանձնապես խոշոր չափերի «հերոին» տեսակի թմրանյութի հայտնաբերման փաստով քրեական գործ է հարուցվել ԱԱԾ քննչական վարչությունում։ Սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»։

Ակնհայտ է, որ ոստիկանությունը խուսափել է պնդել հերոինի և սպանության միջև կապ չլինելու մասին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում