Home / Հայաստան / Ստամբուլի հայկական հիվանդանոցին վերադարձրեցին բռնագրավված հողերը

Ստամբուլի հայկական հիվանդանոցին վերադարձրեցին բռնագրավված հողերը

Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցից1970-ականներին բռնագրավված հողակտորի մի մասը վերադարձվել է հիվանդանոցի հիմնադրամին, տեղեկացնում է Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականը։

Ստամբուլի Զեյթինբուրնու թաղամասում՝ հենց հիվանդանոցի շենքի դիմաց գտնվող 42 հազար քառակուսի մետր տարածքը վերադարձվել է Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամին Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր խորհրդի որոշմամբ, որն ընդունվել է Խորհրդի՝ 2013 թվականի հոկտեմբերին կայացած երկու հանդիպումների արդյունքում։ 2014 թվականի հունվարի 22-ին հիվանդանոցի հիմնադրամը պաշտոնապես հայտարարվել է տարածքի սեփականատեր։

«Տարիներ տևած պայքարից հետո՝ մեր երազանքները վերջապես իրականություն դարձան,- ասել է Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի գործադիր խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն։ – Թուրքիայի հայ համայնքը շատ կարևոր սեփականության տեր դարձավ։ Այս որոշումը մեր հիմնադրամին ու մեր հասարակությանը թույլ կտա ապագան տեսնել ավելի ապահով տեսանկյունից»։ Շիրինօղլուն շնորհակալություն է հայտնել Թուրքիայի վարչապետին ու բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հողակտորի վերադարձնելու գործում։  

Լուսանկարը՝ zeytinburnu.com.tr