Home / Հայաստան / ԱՄՆ-ում «Հայկական ուժ» խմբավորման անդամին մեղադրանք են առաջադրել

ԱՄՆ-ում «Հայկական ուժ» խմբավորման անդամին մեղադրանք են առաջադրել

Լոս Անջելեսի բնակիչ, 40-ամյա Անդրանիկ Ալոյանին երեքշաբթի մեղադրանք է առաջադրվել ինքնության քարտերի գողության, ավազակային դավադրության, բանկային խարդախության փորձի հոդվածներով։ Ոստիկանության տվյալներով՝ Ալոյանի զոհերի թվում են եղել մեծ թվով տարեց մարդիկ, նա շուրջ 3 միլիոն դոլարի վնաս է հասցրել։

Ամբաստանյալի փաստաբան Մարկ Գերագոսը հրաժարվել է մեկնաբանություններից, հայտնում է Associated Press գործակալությունը։

Դատախազների խոսքով՝ Ալոյանը օգտագործել է բանկի աշխատակիցների կողմից ստացած տեղեկատվությունն ավելի քան 75 զոհերի բանկային հաշիվներ մուտք գործելու համար ու գումարները փոխանցել է իր վերահսկողության տակ գտնվող այլ հաշիվների վրա։

Ալոյանը ԱՄՆ-ում 1980-ականներին ձևավորված «Հայկական ուժ» հանցավոր խմբավորման գործի շրջանակներում ձերբակալված տասնյակ հանցագործներից է։ Նշենք, որ ավելի վաղ «Հայկական ուժ»-ի շուրջ 80 անդամներ մեղավոր էին ճանաչվել կողոպուտների, սպանությունների, առևանգումների, դրամաշորթության, մեքենայությունների, մաքսանենգության ու զենքի ապօրինի շրջանառության մեջ: