Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հերթական ելույթը՝ նվիրված Ադրբեջանի հետ հարաբերություններին ու շփման գծում լարված իրավիճակին, ուղեկցվում էր արդեն սովորական դարձած քարոզչական նպատակ հետապնդող հարձակումներով արևելյան հարևանի հասցեին։ Աննշան հակակշիռ կարող են դիտվել պատերազմող ժողովուրդների փոխադարձ ներման ու մտերմացման անհրաժեշտության մասին խոսքերը։ Մնացած առումներով՝ ամեն ինչ նույնն է․ խաղաղասեր հայերը յուրաքանչյուր պահի հակահարված կհասցնեն ու կհաղթեն, Ղարաբաղն ավելի արագ է զարգանում, քան Ադրբեջանը, որն աշխարհին, բացի փողից ու մարդասպանություններից, ոչինչ չի կարող առաջարկել։
Փետրվարի 15-ին հանդես գալով «Երկրապահ» կամավորական միության 10-րդ համագումարում՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է․ «Ադրբեջանի իշխանություններն իրենց ժողովրդի աչքում փորձում են տպավորություն ստեղծել, թե իբր Ղարաբաղի համար պայքարը շարունակվում է: Հակառակորդի կրակոցներից մեր սահմանների մոտ զոհվում են զինվորականներ և խաղաղ բնակիչներ: Նման արարքը պատերազմի հետ կապ չունեցող սովորական մարդասպանություն է: Լայնածավալ պատերազմ սկսելու համար նրանք չունեն ո՛չ կարողություն և ո՛չ էլ հնարավորություն: Ահա այս մարդասպանություններն են, որ ադրբեջանական քարոզչությունը ներկայացնում է իր ժողովրդին իբրև պայքար հանուն Ղարաբաղի:
Այդ մարդասպանություններն ունեն ևս մեկ նպատակ. պարբերաբար թեժացնել իրավիճակը և բորբոք պահել յուրաքանչյուր հայի ու ողջ հայ ժողովրդի դեմ ուղղված ատելության կրակը: Հակահայկականությունը այն առանցքային գաղափարն է, որի շուրջ փորձում են համախմբել նոր ադրբեջանական ազգը և որի շուրջը փորձում են ձևավորել նրա այսպես կոչված «ազգային գաղափարախոսությունը»:
Սահմանի վրա կատարվող մարդասպանություններն ունեն ևս մեկ նպատակ: Մենք չպետք է մոռանանք, որ Ադրբեջանի պաշտոնական օրացույցում հունվար և փետրվար ամիսները գերծանրաբեռնված են «սև» օրերով: Թե ինչու է այդպես ստացվել, այլ հարց է, բայց նրանք դրա համար մեղադրում են հայերին և աշխարհում բոլորին, բայց ոչ իրենց: Ադրբեջանի կողմից վերջին դիվերսիոն գործողության փորձը, որ անփառունակ վախճան ունեցավ, հենց հունվարի 20-ին էր: Հունվարի 20-ի մասին ես միայն մի բան կասեմ. Ադրբեջանի իշխանություններին դեռևս հաջողվում է իր ժողովրդի համար կեղծել անգամ հունվարի 20-ի դասերը: Մինչդեռ իրականությունը միշտ էլ ջրի երես դուրս գալու հատկություն ունի, իսկ մեղքն ուրիշների վրա բարդելը երկար կյանք չի ունենում սովորաբար: Բաքվի հայերի ջարդերի գագաթնակետը Բաքվի հայկական եկեղեցու հրկիզումն էր ամբոխի կողմից: Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ դեռ խորհրդային զորքը Բաքու չէր մտել: Սա է իրականությունը, և բաքվեցիներն այդ մասին շատ լավ գիտեն:
Այդ մարդասպանություններն ունեն ևս մեկ նպատակ: Այրել խաղաղության կամուրջները: Բացառել հայ և ադրբեջանցի ժողովուրդների փոխըմբռնման և փոխհասկացողության հնարավորությունները: Թույլ չտալ, որ հայ և ադրբեջանցի պարզ մարդիկ կարողանան գոնե լիասիրտ բարևել միմյանց: Թույլ չտալ, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդները պատրաստ լինեն միմյանց ներելու, միմյանց ձեռք սեղմելու, պատրաստ լինեն խաղաղության: Ես սա համարում եմ ամենավտանգավորը մեր երկու ժողովուրդների համար:
Ինչո՞ւ դիպուկահարները դուրս չեն բերվում սահմանային գծից: Որովհետև մարդասպանությունը բանավեճի մեջ վերջին փաստարկն է: Փող և մարդասպանություն. ահա այս երկու փաստարկներն են, որ բերում է հակառակորդը մեզ և աշխարհի հետ հարաբերվելիս:
Մենք ուզում ենք ապրել, աշխատել և արարել: Մենք ուզում ենք, որ մեզ հանգիստ թողնեն, բայց նաև ակնհայտ է, որ տեսանելի ապագայում մեզ հանգիստ չեն թողնելու: Արդեն անցել է գրեթե քսան տարի այն օրվանից, երբ զինադադար հայտարարվեց Այս ընթացքում Արցախը բուժել է իր վերքերի մի էական մասը, ապրում է ու զարգանում, իսկ ներքին ազատության առումով ստանում է ավելի բարձր միջազգային գնահատականներ, քան Ադրբեջանը:
Բաքվի ռեժիմին թվում է, եթե մենք չենք թաքցնում մեր կորուստները, մենք թույլ ենք: Նրանց թվում է, եթե մենք չենք մոլորեցնում մեր ժողովրդին, մենք թույլ ենք: Նրանց թվում է, եթե մենք բաց հրապարակավ քննարկում ենք մեր երկրում եղած բոլոր դժվար խնդիրները, մենք թույլ ենք:
Նրանք չեն հասկանում, որ հենց դրանում է մեր ուժը: Չեն էլ կարող հասկանալ, քանի որ այդ արժեքներն իրենց հասու չեն:
Հենց դրա համար էլ մենք նրանց պես ողորմելի քարոզչություն վարելու կարիքը չունենք:
Հենց դրա համար էլ մենք հաղթել ենք:
Հենց դրա համար էլ մեր հաղթանակն անշրջելի իրողություն է»: