Փետրվարի 18-ին վերսկսվեց Չեմպիոնների Լիգայի խաղարկությունը։ Փլեյ-օֆ փուլի առաջին երկու հանդիպումները տարբեր աստիճանի հետաքրքրություն էին առաջացրել։ Եթե գերմանական «Բայերի» և ֆրանսիական ՊՍԺ-ի հակամարտության հաղթողին դժվար չէր կռահել, ապա «Մանչեսթեր Սիթիի» և «Բարսելոնայի» պայքարը լուրջ ինտրիգ էր պարունակում։
Այդ ինտրիգը հօդս ցնդեց առաջին իսկ խաղից հետո, քանի որ «Բարսան» 2։0 հաշվով պարտության մատնեց մրցակցին Մանչեսթերում։ «Սիթին» զգուշավոր խաղ ցուցարդեց առաջին խաղակեսում, ու, թեև պոռթկումներ անգլիական ակումբի ֆուտբոլիստների կատարմամբ լինում էին, «Բարսան» 2 անգամ ավելի շատ էր տիրում գնդակին և ոչ մեծ, բայց որոշակի խաղային առավելություն ուներ։ Երկրորդ կեսի մեկնարկը նույն հունով էր անցնում, սակայն 54-րդ րոպեին խաղին միջամտեց շվեդ մրցավար Յունաս Էրիկսոնը։ Նա վիճելի դրվագում տուգանային չնշանակեց Նավասի նկատմամբ խախտման համար, որից հետո սկսվեց «Բարսայի» արագ հակագրոհը։ Մեսսին գնդակով ներխուժում էր տուգանային հրապարակ, երբ նրան գցեց Մարտին Դեմիկելիսը: Մրցավարը վերջինիս կարմիր քարտ ցույց տվեց ու 11-մետրանոց նշանակեց, սակայն կրկնապակերին երևաց, որ պաշտպանը կանոնները խախտում է տուգանային հրապարակից դուրս։
Այդուամենայնիվ, Մեսսին իրացրեց 11-մետրանոցը, ապա հանդիպման վերջին րոպեին Դանի Ալվեսը ևս մեկ գնդակ խփեց՝ ամրագրելով վերջնական հաշիվը։
Խաղից հետո «Սիթիի» մարզիչ Մանուել Պելեգրինին նշեց, որ իր թիմը պարտության արժանի չէր և բողոքեց մրցավարի գործողություններից, մասնավորապես, նշելով, որ մինչ գոլը Նավասի նկատմամբ խախտում էր եղել։ Պելեգրինին ասաց նաև, որ մրցավարը խմբային փուլի «Միլան»-«Բարսելոնա» խաղում հօգուտ իտալացիների սխալներ էր արել, և այժմ վերադարձրեց «պարտքը» «Բարսային»։
Բայեր-ՊՍԺ խաղում ինտրիգն էլ ավելի վաղ մահացավ։ Դեռևս 1-ին խաղակեսի ընթացքում ֆրանսիական ակումբը 3 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։ Առաջին գոլը հեղինակեց Բլեզ Մատյուիդին, ևս երկու գնդակ խփեց Զլատան Իբրահիմովիչը։ Հանդիպման վերջում ՊՍԺ-ի 4-րդ գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Յոան Կաբայը։