Մյունխենի «Բավարիան» երկրորդ տարին անընդմեջ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում մրցակցի հարկի տակ պարտության է մատնում Լոնդոնի «Արսենալին»։
Այս տարի թիմերի միջև խաղամակարդակի տարբերությունն այնքան էլ մեծ չէր, սակայն գերմանական ակումբը դարձյալ հաղթեց 2 գնդակի տարբերությամբ. մեկ տարի առաջ 3։1, այս անգամ՝ 2։0։
Ամեն ինչ այլ կերպ կարող էր դասավորվել, սակայն իր խոսքն ասաց, ինչպես խաղից հետո նշեց «Բավարիայի» մարզիչ Պեպ Գվարդիոլան, աշխարհի լավագույն դարպասապահ Մանուել Նոյերը։ 8-րդ րոպեին նա հետ մղեց 11-մետրանոցը, որն իրացնում էր Գերմանիայի հավաքականում իր խաղընկերը՝ Մեսուտ Օզիլը։
Այդ դրվագը շրջադարձային եղավ․ «Բավարիան» հետզետե ուժեղացնում էր ճնշումը ու մրցակցի նկատմամբ առավելություն ստանում։ Մյունխենցիներին չընկճեց անգամ առաջին խաղակեսում Դավիթ Ալաբայի չիրացված 11-մետրանոցը։ Մինչ այդ Ռոբենին տուգանային հրապարակում գցելու համար կարմիր քարտ էր ստացել «Արսենալի» դարպասապահ Վոյցեխ Շշչեսնին, ու հյուրերը միևնույն է առավելություն ունեին։ Այդ առավելությունը մեկական անգամ նյութականացվեց յուրաքանչյուր խաղակեսի վերջին՝ գոլերի հեղինակներ դարձան Տոնի Կրոոսը և Թոմաս Մյուլերը։
Անցյալ խաղարկությունում սեփական հարկի տակ 1։3 պարտվելով՝ «Արսենալը» դրսում հաղթեց «Բավարիային»՝ 2։0, ու գլուխը բարձր լքեց մրցաշարը։ Այս տարի արտագնա հաղթանակի հավանականությունն էլ ավելի փոքր է թվում։
Օրվա մյուս խաղում Մադրիդի «Ատլետիկոն» մրցակցի հարկի տակ 1։0 հաշվով պարտության մատնեց «Միլանին» և քառորդ եզրափակիչ փուլ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց։