Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ փուլի Զենիթ-Բորուսիա առաջին հանդիպումից առաջ ֆավորիտը գերմանական ակումբն էր, սակայն դժվար էր պատկերացնել, որ վերջինս Սանկտ-Պետերբուրգում այդքան մեծ առավելություն կունենա ռուսաստանյան թիմի նկատմամբ:
Հենրիխ Մխիթարյանի թիմն առաջին իսկ րոպեներից ագրեսիվ ֆուտբոլ ցուցադրեց՝ մեծ հաշվով վճռելով հակամարտության ելքը մեկնարկային 5 րոպեների ընթացքում: 4-րդ րոպեին անհատական անցում ձեռնարկեց Մարկո Ռոյսը՝ գնդակը հասցնելով տուգանային հրապարակ, որտեղ էլ այն բաժին հասավ Մխիթարյանին: Հայաստանցին մոտ տարածությունից գրավեց Յուրի Լոդիգինի դարպասը: Արդեն մեկ րոպե անց Մխիթարյանը եզրից փոխանցում կատարեց տուգանային հրապարակ Գրոսկրոյցին, վերջինս գնդակը հասցեագրեց Ռոյսին: Գերմանացի կիսապաշտպանը մրցակցի դարպասապահին ոչ մի շանս չտվեց՝ 2:0:
Չնայած հաշիվը ձեռնտու էր դորտմունդցիներին, նրանք չգցեցին խաղի տեմպը, չսկսեցին պաշտպանվել՝ շարունակելով վտանգավոր պահեր ստեղծել մրցակցի դարպասի մոտ: Երկու անգամ Լոդիգինը թույլ չտվեց Լևանդովսկուն գրավել սեփական դարպասը: Երբ 57-րդ րոպեին մրցավարը չարձանագրեց Վիկտոր Ֆայզուլինի խաղից դուրս վիճակը, ու «Զենիթը» այդ գրոհը Օլեգ Շատովի ջանքերով գոլով ավարտվեց, «Բորուսիան» անմիջապես արագ գրոհ կազմակերպեց ու երրորդ գնդակը խփեց: Այս անգամ գոլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևոնադովսկին:
69-րդ րոպեին մրցավար Ուիլյամ Քոլամը ևս մեկ անգամ որոշեց վերակենդանացնել ինտրիգը՝ անտեղի 11-մետրանոց նշանակելով: Հալկը դիպուկ հարվածեց, սակայն ևս 2 րոպե անց Լևանդովսկին իր թիմի 4-րդ գնդակը խփեց՝ ամրագրելով վերջնական հաշիվը՝ 4:2: Ցանկության դեպքում հյուրերը կարող էին էլ ավելի մեծ առավելության հասնել, սակայն Յուրգեն Կլոպի թիմը որոշեց այդքանով սահմանափակվել: Դատելով ամբողջ խաղի ընթացքից՝ կարելի է փաստել, որ միմյանց դեմ մրցում էին խաղամակարդակներով միանգամայն տարբեր թիմեր:
Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց 70-րդ րոպեին: Նա մեկ գոլի հեղինակ դարձավ, մասնակցեց ևս երկու գոլային գրոհների ու ընդհանուր առմամբ շատ լավ տպավորություն թողեց: