«Ժառանգություն» կուսակցությունը իր համերաշխությունն է հայտնում Ուկրաինայի ժողովրդի իրականացրած սահմանադրական իշխանափոխությանը: Այս մասին ասված է կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի տարածած հայտարարության մեջ։
«Մենք նաեւ խորին ցավակցություն ենք հայտնում Եվրամայդանի շուրջ հրահրված բախումներում զոհված անձանց, այդ թվում՝ մեր հայրենակիցներ Սերգեյ Նիգոյանի ու Գեորգի Հարությունյանի հարազատներին և ուկրաինական ողջ ժողովրդին` երկրի նախագահի պարտականությունները ստանձնած Վերխովնի Ռադայի նորընտիր ղեկավարից մինչև շարքային քաղաքացիներ:
Այն, ինչ արեցին Ուկրաինայի ժողովուրդն իր պայքարով և նահատակներն՝ իրենց մահով, պատմական տարողությամբ համեմատելի է 23 տարի առաջ անկախության վերանվաճման հետ: Այդ երկիրը վերացրեց իր ինքնիշխանության կայացման ճանապարհի հանգուցային խոչընդոտը և «կանաչ լույս» վառեց ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի հետևողական իրագործման առջև:
Ուկրաինայի ակնառու օրինակը Հայաստանի ժողովրդին վերստին համոզում է, որ համախմբված պայքարի միջոցով սահմանադրական հեղափոխություն իրականացնելու, գործող ապօրինի վարչակարգը իշխանությունից հեռացնելու և երկրում ազատություն, օրինականություն ու ժողովրդավարություն հաստատելուց հետո միայն հնարավոր կդառնա վերականգնել մեր երկրի սասանված ինքնիշխանությունը, ինչպես նաև ազգային շահերի հաշվառման և երաշխավորման պայմաններում վերադառնալ Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրին, որը պաշտոնականացվել է 2013-ի վիլնյուսյան գագաթաժողովում՝ ԵՄ-ի ու Հայաստանի միջև փոխանակված նամակներով:
Սա պետք է տեղի ունենա առանց վնասելու Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությանը՝ այն վերակառուցելով բացառապես իրավահավասարության, փոխադարձ շահերի և իրավունքների հարգման սկզբունքների վրա՝ միմիայն միացյալ հրապարակի ձևաչափով», – նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը: