ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում բարձրացրել է դեկտեմբերի 26-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության ժամանակ Տնտեսագիտական համալսարանում կատարվածի և ՀԱԿ-ի ակտիվիստների իրազեկման ժամանակ Ագրարային համալսարանի ուսանողների իրավախտումների հարցը:
Փաշինյանը հարցել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ ինչու չեն պատժվել հանցագործները:
«Դուք ձևավորել եք մերձհանրապետական խմբակներ և դրանք օգտագործում եք բուհերը ձեր իշխանության տակ պահելու համար: Եթե ձեզ թվում ա, որ պինդ հանրապետական տղեքից պինդ Հայաստանի հանրապետության քաղաքացիները չկան, հավաստիացնում եմ, որ սխալվում եք», – ասել է Նիկոլ Փաշինյանը:
Աշոտյանն ասել է, որ կրթական համակարգը չի ներում չափից մեծ հռետորաբանություն: Նա կարծիք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը բուռն է խոսում, քանի որ ուզում է մարդ հավաքել՝ Ազատության հրապարակից Մյասնիկյանի արձանի մոտ (Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը մարտի 1-ին հանրահավաք է անելու Ազատության հրապարակում, իսկ Նիկոլ Փաշինյանը այդ օրը գիշերելու է Մյասնիկյանի արձանի մոտ – խմբ․):
Բուն հարցին անդրադառնալով՝ Աշոտյանն ասել է, որ կրթությունն ամենաապաքաղաքականացված ոլորտն է:
«Տնտեսագիտականի Ուսանողական խորհուրդը ներողություն է խնդրել ներկա աղջիկներից և լրագրողներից: Կարծում եմ, որ ճիշտ է արել։ Քաղաքական դրդապատճառներով ոչ մի ուսանող չպետք է հեռացվի բուհից: Դուք որպես քաղաքական պատճառներով 1995 թվականին բուհից հեռացված ուսանող պետք է որ կողմ լինեիք: Ինչ վերաբերում է գիտական գործողությանը, գնահատական մի տվեք՝ ասելով «այսպես կոչված ատենախոսություն» ոչ քաղաքապետի, ոչ էլ որևէ մեկի հասցեին: Դա կարող է անել ոլորտի մասնագետը», – ասել է Աշոտյանը:
Նիկոլ Փաշինյանը հակադարձել է, թե իրականում ինքը գնահատական չի կարող տալ, քանի որ այդ ատենախոսությունն իրականում Տարոն Մարգարյանը չի գրել։