Չորեքշաբթի ավարտված Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին հատվածն անցավ հյուրերի հսկայական առավելությամբ։ Խոշոր հաշվով ինտրիգն արդեն սպանվել է 8 զույգերից 6-ում։
Երեկ Մադրիդի «Ռեալը» 6։1 հաշվով մրցակցի հարկի տակ պարտության մատնեց Գելզենկիրխենի «Շալկե 04»-ին։ Մադրիդցիների կազմում երկուական գոլի հեղինակ դարձան Կարիմ Բենզեման, Գարեթ Բեյլն ու Կրիշտիանու Ռոնալդուն, գերմանական թիմի կազմում աչքի ընկավ Կլաաս-Յան Հունտելաարը։ Թիմերի միջև կարգերի հսկայական տարբերություն կար։ «Ռեալը» ցանկության դեպքում խփած գնդակների թիվը կարող էր նույնիսկ հասցնել 10-ի։ Ինչպես և Արսենալ-Բավարիա, Մանչեսթեր Սիթի-Բարսելոնա, Բայեր-ՊՍԺ, Զենիթ-Բորուսիա, Միլան-Ատլետիկո զույգերում, այս հակամարտությունում էլ երկրորդ հանդիպումը խոշոր հաշվով ձևական բնույթ է կրելու։
Ընդամենը երկու զույգերում պատասխան հանդիպումները քիչ թե շատ մրցակցային կարող են լինել։ Երեկ թուրքական «Գալաթասարայը», չնայած առաջին խաղակեսից հետո պարտվում էր անգլիական «Չելսիին», կարողացավ կորզել ոչ-ոքին՝ 1։1։ «Գալաթասարային» շատ բարդ պայքար է սպասում Լոնդոնում, բայց տնային ոչ-ոքիից հետո հաջորդ փուլ դուրս գալու որոշակի հույսեր թիմը պահպանեց։ Եվս մեկ հակամարտությունում, որի առաջին հանդիպումը կայացավ փետրվարի 25-ին, ապրիորի ֆավորիտը քառորդ եզրափակիչ փուլ դուրս գալու ավելի քիչ հնարավորություններ է պահպանել։ «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի հարկի տակ պարտվեց «Օլիմպիակոսին» 0։2 հաշվով։ Սա 1/8 եզրափակիչում կայացած 8 խաղերից միակն էր, երբ դաշտի տերերը հաղթանակ տարան, այն էլ բավական հարմար հաշվով և այժմ այս փուլի ամենամեծ անակնկալը մատուցելու լուրջ հայտ են ներկայացնել։