Իշխանական շրջանակներում քննարկվում է առաջիկայում Հայաստանում գործող կուսակցությունների քանակը զգալիորեն կրճատելու հարցը, գրում է «168 ժամ» պարբերականը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Թերթը նշում է, որ դրա համար Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրը պատրաստվում է լուրջ օպտիմալացում անցկացնել Հայաստանի քաղաքական դաշտում։
«Նախատեսվում է, որ Հայաստանում գրանցված կուսակցությունների քանակը կարող է առաջին փուլում հասցվել մինչև 10-ի։ Չնայած, եթե օպտիմալացումն իսկապես արդար լինի՝ ըստ գործող օրենքի, ապա Հայաստանում կարող են մնալ միայն 4-5 կուսակցություններ։
2002թ. ընդունված «Կուսակցությունների մասին» օրենքով գրանցված կուսակցությունը պետք է ունենար 200 անդամ, և տարածքային կառույցներ մարզերի առնվազն 1/3-ում։ 2005թ. հունվարի 15-ին օրենքում կատարվեց փոփոխություն, որով խստացվեցին կուսակցությունների գործունեության պահանջները։
Մասնավորապես, պահանջվում էր, որ պետական գրանցման պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո, կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս, քան 2 հազար անդամ։ Ընդ որում, ՀՀ յուրաքանչյուր մարզում՝ ոչ պակաս, քան 100 անդամ, և տարածքային ստորաբաժանումներ ՀՀ բոլոր մարզերում, ներառյալ՝ Երևան քաղաքում, որի մասին գրավոր տեղեկացնում է պետական լիազորված մարմնին», – նշում է թերթը։
«168 ժամ»-ը գրում է, որ Հայաստանում միչայն 4-5 կուսակցություններ իրականում 2000 անդամ ունեն։ Թղթի վրա, գուցե, այդ անդամները կան, սակայն իրականում դրանք կուսակցության ղեկավարների ազգականներն ու հարևաններն են, կամ միաժամանակ ընդգրկված են մի քանի կուսակցությունններում։ Հայաստանի կուսակցությունների մեծ մասը, այսպես կոչված, «մարդ-կուսակցություններ» են, որոնց անդամների թիվը կամ մեկ մարդ է, կամ կուսակցության անդամների թիվը հազիվ մեկ տասնյակի է հասնում։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում