Երեկ գիշերը «Պրոսվիտա» և «Ուկրաինայի հայրենասերներ» կազմակերպությունների՝ Խարկովի Ռիմարսկայա փողոցում տեղակայված գրասենյակում բարիկադավորվել էին «Աջ հատված» կազմակերպության անդամները։ Այս մասին, «Ուկրաինսկայա պրավդայի» փոխանցմամբ, հայտնել է «Ուկրաինայի հայրենասերներ»-ի անդամ Օլեգ Օդնորոժենկոն Գրոմադսկե TV-ի եթերում:
Նրա խոսքով՝ գիշերը գրասենյակի վրա հարձակվել էին «Օպլոտ» կազմակերպության անդամները՝ Ռուսաստանի քաղաքացիներ ու ռուսաստանամետ ակտիվիստներ։
Օդնորոժենկոն նշել է, որ սա շաբաթվա ընթացքում արդեն երրորդ հարձակումն է շենքի վրա։
«Աջ հատվածի» և «Ուկրաինայի հայրենասերների» ներկայացուցիչ Անդրեյ Բիլեցկիի խոսքով՝ շենքը գրոհողները հրազեն են օգտագործել։
Կազմակերպությունների գրասենյակի վրա հարձակման հետևանքով երկու մարդ մահացել է, առնվազն հինգը վիրավոր են։
Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնեսի տվյալներով՝ մահացածները ոստիկաններ են, իսկ ոստիկանների տվյալներով՝ քաղաքացիական անձինք։
Ռուսաստանյան լրատվական գործակալությունները, իրենց հերթին, հայտնում են, որ ռուսաստանամետ ակտիվիստների վրա կրակել են «Աջ հատված»-ի ներկայացուցիչները։
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ արդեն առավոտյան Խարկովում լարված վիճակը հանդարտվել է։ Կոնֆլիկտի ավելի քան 30 մասնակից բերման է ենթարկվել, ու երկու կողմերից էլ զենքն առգրավվել է։
«Առանձին դիմում եմ լրագրողներին, երկու կողմերի ակտիվիստներին, ուկրաինացիներին։ Թույլ մի տվեք՝ ձեզ մանիպուլյացիայի ենթարկեն։ Վերջ տվեք հիստերիային։ Իրավիճակն առանց այդ էլ շահարկում են հարևան երկրի սադրիչները։ Իրադարձությունները լուսաբանող ռուսաստանյան ԶԼՄ-ների նորությունները հայտնվում են դեպքերից շուտ․․․ Երկրի հարավ-արևելքում ծրագրված անկարգությունները ֆինանսավորվում են Ուկրաինայի՝ հանցագործությունների մեջ մեղադրվող նախկին ղեկավարների կողմից։ Սա ենթադրություն չէ, այլ՝ փաստ»,- գրել է Ավակովը։