Home / Հայաստան / «Սա ձեզ համար Հայաստան չէ»․ ՀՀ քաղաքացիներին 12 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում

«Սա ձեզ համար Հայաստան չէ»․ ՀՀ քաղաքացիներին 12 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում

Հայաստանի երկու քաղաքացիների 12 ժամ պահել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում առանց սննդի և անձնագրերի: Կատարվածի մանրամասները NEWS.am-ի թղթակցի պատմել է տուժողներից մեկը՝ Արտաշես Կարապետյանը:

Հայաստանի գիտությունների ակադեմիայի մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի աշխատակից Կարապետյանը մարտի 17-ի գիշերը ռուսաստանցի գործընկերների հետ հանդիպման համար ժամանել է Մոսկվա: Օդանավակայանում նրան ու մեկ այլ ուղևորի հայտարարել են, որ ավելի վաղ Ռուսաստանում իրավախախտումներ են թույլ տվել ու մուտք գործել չեն կարող:

«Ես զարմացա, քանի որ նախկինում երբեք Ռուսաստանում չէի եղել: Լավ, սխալը տվյալների բազայում է: Ինձ վիրավորեց ոչ թե դա, այլ վերաբերմունքը: Եթե նրանք նման կարգ ունեն, ապա թող հետ ուղարկեին: Իսկ մեզ ինչ-որ սենյակ տարան, վերցրեցին անձնագրերը»,- ասել է Կարապետյանը:

Նախքան հետադարձ չվերթը նրանց 12 ժամ պահել են սենյակում, թույլ չեն տվել լիցքավորել բջջային հեռախոսները, նոութբուքերը և նույնիսկ սնվելու ոչինչ չեն տվել: «Ես ասացի՝ քրոնիկ գլխացավ ունեմ, ինձ գոնե մի կտոր հաց տվեք, որ նոպան անցնի: Իսկ ինձ ասում են, որ սա առողջարան չէ: Սա ձեզ համար Հայաստանը չէ, սա Ռուսաստանի Դաշնությունն է, իսկ դուք խախտել եք դրա օրենքները»,- հայտարարել է Կարապետյանը:

Սենյակում նրանց հետ Ռուսաստանի երկու քաղաքացի է եղել, սակայն նրանց հետ կապված թյուրիմացությունը կարգավորել են հաշված րոպեներում, ներողություն խնդրել, հավելել է Արտաշեսը:

«Համարենք, թե խոսքն ազգության, այլ անձնագրի մասին է: Ի՞նչ է, հայկական անձնագիրը նրանց համար երկրորդական դասի է: Ինչո:ւ մի րոպեում իրենց համար որոշեցին, թե ես քրեական հանցագործ եմ: Որևէ տեղ չդիմեցին, ոչինչ չճշտեցին, մեզ էլ թույլ չտվեցին: Իսկ եթե «Զվարթնոցում» Ռուսաստանի քաղաքացիները նման իրավիճակում հայտնվեն, նրանց արդյո՞ք կփակեն սենյակում»,- հավելել է Կարապետյանը:

Հայաստանում ՌԴ դեսպանատանը հայտարարել են, ոչ օգնել չեն կարող ու չեն էլ պատրաստվում: Նույնը՝ Երևանում Դաշնային միգրացիոն ծառայության բաժանմունքում:

«Նրանք Հայաստանում ներկայացնում են իրենց պետությունը: Ամեն դեպքում այդպես էի կարծում, երբ նրանց մոտ էի գնում: Պարզվեց, որ ամենևին էլ այդպես չէ: Ասում են դիմեք Մոսկվայում Հայաստանի դեսպանությանը կամ ԴՄԾ: Այսինքն, ամեն ինչ թողնե՞մ ու Երևանից Մոսկվա գնամ»,- հայտարարել է Կարապետյանը:

Նրա խոսքով՝ նա արդեն դիմել է Հայաստանի ԱԳՆ և Պետական միգրացիոն ծառայություն պարզաբանումների համար: Երկու մարմիններն էլ խոստացել են մեկ ամսվա ընթացքում պատասխան տալ: