Գյումրիի գործող քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը (լուսանկարում) ցանկանում է տիրանալ Գյումրիի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանին պատկանող «Օազիս» ռեստորանին, գրում է «168 ժամ» պարբերականը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Ռեստորանը գտնվում է Գյումրիի քաղաքային զբոսայգում, դա բավական շքեղ կառույց է, կառուցված «ձմեռային այգու» սկզբունքով, որտեղ աճում են բազմապիսի արևադարձային բույսեր, կան շատրվաններ և ջրվեժներ: Ըստ թերթի աղբյուրի՝ Ղուկասյանը ժամանակին միայն ռեստորանի խոհանոցային պարագաների ձեռքբերման համար ծախսել է 150 հազար դոլար:
Լուրի մասին «168 ժամ»-ի թղթակցի հարցին ի պատասխան` Վարդան Ղուկասյանն ասել է. «Եթե կա կազմակերպություն, որը կարող է ավելի լավ սպասարկում իրականացնել այգում, ես միայն ուրախ կլինեմ, բայց որևէ մեկը չի կարող «Օազիսը» խլել ինձնից: Նման բան կարող է լինել միայն այնպիսի երկրում, որտեղ բացարձակ օրենք չկա. ամեն ինչ որոշվում է «վաարուժյոննի գրաբյոժով», զինված մարդիկ մտնում ու գրավում են իրենց ուզած օբյեկտը կամ տարածքը: Դա նույնն է, որ մտնեն ձեր խմբագրություն և զենքով խլեն ձեզանից»:
Ղուկասյանը հրաժարվել է այլ հարցերի պատասխանել։ Թերթը նշում է, որ Գյումրիի «Խաղաղության օղակ» զբոսայգում գործող «Ռոբինզոն» սրճարանը փակվել էր նրանից հետո, երբ քաղաքապետըւ պահանջել էր, որպեսզի դրա սեփականատերն այգում 300 հազար դոլարի ներդրում կատարի։ Պահանջը չկատարվելուց հետո սրճարանը փակվել է։