ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի ավտոշարասյունները, ականատեսների վկայությամբ, երեկ Պանթեոնից վերադառնալիս հայտնվել են բավական զավեշտալի վիճակում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Արշակունյաց պողոտայում նրանք խցանման մեջ են ընկել շրջապատված բարձված բեռնատարներով, տրոլեյբուսով և «շարքային» այլ ավտոմեքենաներով։
«Նրանց ուղեկցող միգալկայավոր ավտոմեքենաների ձայնային ճռինչները ոչինչ չէին տալիս, որովհետև VIP երկու անձանց շրջապատած մեքենաները նրանց ճանապարհ տալու համար գնալու տեղ չունեին՝ խցանումը բավական հուսահատ էր։
Իսկ այսպիսի անխնա խցանում առաջացել էր այն պատճառով, որ երեկ վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան հերթական տարելիցն էր, ու Պանթեոնում, ուր ամփոփված է Մարգարյանի աճյունը, հիշատակի միջոցառումներ էին տեղի ունենում։ Միջոցառմանը մասնակցելու եկած մանր ու մեծ պաշտոնյաները, ահա, իրենց մեքենաները կայանել էին, կամ ավելի ճիշտ՝ բրախել էին Արշակունյաց պողոտայի երթևեկելի մասերում` զբաղեցնելով երեք երթևեկելի գծերից երկուսուկեսը։ Մոտակայնքում մի ավտոտեսուչ կար, որը ալարկոտ հորանջում էր, իսկ մեկ կիլոմետրի չափ ձգվող խցանման մեջ հայտնված մարդիկ ատամներն էին կրճտացնում», – գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում