Ուկրաինայի ՆԳՆ-ն պատրաստ է Ալեքսանդր Մուզիչկոյի մահվան գործով քննության արդյունքների գնահատականը տրամադրել հանրության լիազորված ներկայացուցչին։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը։
«Ես պնդում եմ, որ այսօր յուրաքանչյուր մարդ, ում ձեռքին կա չգրանցված զենք, ով զինված դիմադրություն է ցուցաբերում ոստիկանությանը, հանդիսանում է օրինախախտ։ Անկախ կուսակցական դրոշի գույնից կամ հնչող կարգախոսներից։ Ինչպես էլ ինքն իրեն անվանի, ինչ կերպարի հետևում էլ թաքնվի՝ թեկուզ «Աջ հատվածի», թեկուզ «Մայդանի ինքնապաշտպանության»։ Յուրաքանչյուր հանցագործ պետք է վնասազերզվի ու պատասխանատվության ենթարկվի՝ օրենքի համաձայն։ Այլապես, երկրի փողոցներում կարգը չենք կարողանա վերականգնել։
Երկրորդը, հանցագործները սպառնո՞ւմ են նախարարին։ Ես ընդունում եմ այդ մարտահրավերը։ Պատրաստ եմ յուրաքանչյուր մարտահրավեր ընդունել, քանի որ այդպիսինն է այսօր իմ պաշտոնն ու պատասխանատվությունը երկրի առջև։ Հետագայում էլ իմ դիրքորոշումը բավականին խիստ է լինելու հանցագործների, նրանց նկատմամբ, ովքեր՝ զենքը ձեռքին, խախտում են կարգը։
Նրանց, ովքեր զենքը ձեռքներին վազում են անտառներում, հարձակվում մասնավոր տների վրա ու ներխուժում հիմնարկներ, կասեմ՝ ԴՈՒՔ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՉԵՔ, դուք մարադյոր եք։ Հայրենասեր է նա, ով զենքը ձեռքին կանգնած է Ղրիմի ցամաքային սահմանին կամ արևելյան սահմանի անցակետերում։ Հայրենասեր է նա, ով նոր ուկրաինական բանակ է ստեղծում, այլ ոչ՝ ամեն օր ռուսական քարոզչության համար առիթ տալիս, ամբողջ աշխարհի աչքի առաջ վարկաբեկում Ուկրաինան ու արդարացնում օկուպացիան։
Երրորդը, հանցագործների պաշտպաններին կասեմ․ ուզո՞ւմ եք՝ երկիրը վերածվի Սոմալիի՝ իշխանությունը կիսող զինված հանցախմբերով։
Կրեմլը դա հաստատ ուզում է։ Պուտինը դրան է ձգտում։
Իսկ ես ամեն ինչ անելու եմ, որ դա տեղի չունենա։ Եթե պետք լինի խիստ գործել, խիստ եմ գործելու։ Դա ժամանակի պահանջն է ու կապահովի երկրի ճնշող մեծամասնության շահերը»,- գրում է Ավակովը։