«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգված է ՀՀ ՔՕ 1087.1-րդ հոդվածում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրինագծով, որն առավել հայտնի է որպես «ֆեյքերի դեմ պայքարի» նախագիծ։ Այս մասին նշված է կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը նշում է, որ օրինագծի հեղինակները պնդում են՝ իրենց նպատակը համացանցում առկա՝ զրպարտություն կամ վիրավորանք պարունակող անանուն մեկնաբանությունների դեմ պայքարն է։
«Թեև պատգամավորները խոսում են լավ նպատակների մասին, օրինագիծը լուրջ սպառնալիք է ներկայացնում ինտերնետում տեղեկատվության ազատության համար։ Օրինագծում առկա անորոշ ու ոչ ճշգրիտ ձևակերպումները դատավորներին չափազանց լայն հնարավորություններ են տալիս դրա դրույթները մեկնաբանելու համար։ Խնդիրը, սակայն, միայն ձևակերպումները չեն․ ԶԼՄ-ները չեն կարող պատասխանատվություն կրել այն բովանդակության համար, որի հեղինակն իրենք չեն, իսկ առցանց անանունությունը ինտերնետի հիմնարար սկզբունքներից է՝ որպես քննարկումների և տեղեկատվության ազատ հոսքի տարածություն»,- հայտարարել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի հարցերով բաժնի ղեկավար Յոհան Բիրը։
«Մենք պատգամավորներին կոչ ենք անում հետ կանչել օրինագիծը»,- հավելել է իրավաշտպանը։
Բացի դա, կազմակերպությունը նշում է, որ օրինագծի ձևակերպումների անճշտությունների արդյունքում բոլոր ցանցային ռեսուրսները կարող են հավասարվել ԶԼՄ-ներին, այդ թվում՝ անձնական բլոգերն ու սոցիալական ցանցերը․ «[Օրինագծի համաձայն], եթե ԶԼՄ-ները չեն ուզում պատասխանատվություն կրել իրենց կայքերում տեղ գտած մեկնաբանությունների համար, ապա նրանք ստիպված կլինեն «բացահայտել իրենց աղբյուրներին», ինչն անիրատեսական է և անօրինական»։
Նշենք, որ օրինագիծն առնչվում է ԶԼՄ-ների կողմից սոցիալական ցանցերում տեղ գտած տեղեկատվությունն օգտագործելու խնդրին։ Ըստ այդմ, ԶԼՄ-ները վեճերի դեպքում չեն ազատվում պատասխանատվությունից, եթե չեն ներկայացնում օգտագործված տեղեկատվության հեղինակի տվյալները։