15։25 Պռոշյան գյուղի բնակիչները բացել են 14։00-ից փակված Աշտարակ-Երևան ճանապարհը։ Նրանց հետ հանդիպելու եկած ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը նշել է, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կհանդիպի համայնքի բնակիչների հետ երկուշաբթի։ Պռոշյանցիները համաձայնել են բացել ճանապարհը, սակայն նշել են, որ հանդիպումը չկայանալու դեպքում կրկին նմանատիպ ակցիա կանցկացնեն։
14։30 Այսօր ժամը 14։00-ի սահմաններում Պռոշյան համայնքի մոտ 500 բնակիչներ փակել են Աշտարակ-Երևան մայրուղին։ Նրանք պահանջում են, որպեսզի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այցելեն իրենց ու կոնկրետ պատասխան տան՝ ինչու մինչ օրս բացահայտված չէ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է գյուղի բնակիչ Ալեքսան Սմբատյանը։
«Մարդիկ բարկացած են, ուստի որոշեցինք փակել ճանապարհը:; Կբացենք այն ժանմանակ, երբ վերոնշյալ պաշտոնյաները կգան մեզ հետ հանդիպման», – ասել է մեր զրուցակիցը։
Նշենք, որ ՀՅԴ-ական Հրաչ Մուրադյանը սպանվել է ուղիղ 1 տարի առաջ՝ 2013 թվականի ապրիլի 2-ին Պռոշյանի գյուղապետարանի մոտ։ Սպանության մեղադրանքով ապրիլին կալանավորվել էր Արայիկ Պետրոսյանը։ Թե Մուրադյանի, թե Պետրոսյանի հարազատներն ու ընկերները բազմիցս պնդել են, որ Պետրոսյանը գործի հետ կապ չունի։
2013 թվականի դեկտեմբերի 25-ին նա ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից, քանի որ նախաքննական մարմինը նրա մասնակցությունը հանցագործության կատարման գործում չի հաստատել: