Home / Հայաստան / «Ռոսիան» շարունակում է խաբել Սիրիայում հայերի սպանությունների մասին

«Ռոսիան» շարունակում է խաբել Սիրիայում հայերի սպանությունների մասին

Ռուսաստանյան ԶԼՄ-ները, այդ թվում՝ դաշնային հեռուստաալիքները, շարունակում են կեղծ տեղեկատվություն տարածել Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի մասին, չնայած արդեն բազմաթիվ հերքումներ են եղել։

Հիշեցնենք, որ Քեսաբի վրա հարձակումը կազմակերպվել է մարտի 21-ին վաղ առավոտյան։ Կան տեղեկություններ, որ հարձակվողներին աջակցել են թուրքական բանակի ստորաբաժանումները։

Տեղի բնակիչների խոսքով՝ իրենք հասցրել են լքել քաղաքը, զոհեր չեն եղել, մարդիկ հիմնականում տեղափոխվել են Լաթաքիա։ Բայց ռուսաստանյան ԶԼՄ-ները շարունակում են կադրեր ցուցադրել, համաձայն որոնց սիրիացի զինյալները իբր սպանում են Քեսաբի հայերին։ Իրենց մեկնաբանություններում ռուսաստանյան ԶԼՄ-ները փորձում են հավասարության նշան դնել ներկա իրադարձությունների և 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջև։

Այսօր թեմային անդրադառնալով՝ «Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ երեկ երեկոյան լուրերի թողարկման ընթացքում կրկին տեղեկատվություն էտարածվել է, որ Քեսաբում առնվազն 80 հայ է սպանվել։ «Վեստին» կրկին ցուցադրել է այն կադրերը, որոնցում ծայրահեղականները գնդակահարում են ծնկաչոք ինչ-որ տղամարդկանց, ըստ էության, պնդելով, թե կոտորվածները հայեր են։ Թերթն ընդգծում է, որ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ հայտարարվել է, որ գնդակահարության կադրերը հայերի հետ կապ չունեն։

Ապրիլի 1-ով թվագրված այդ տեսանյութն այժմ էլ տեղադրված է «Վեստիի» կայքում։ Տեսանյութում խոսում է Երևանի պետական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր Հայկազ Հովհաննիսյանը, ով համակարգչով դիտում է գնդակահարության տեսարանները և ասում․ «Այ քեզ գազաններ։ Սա ցեղասպանություն է», և շարունակում է խոսել՝ արդեն նայելով տեսախցիկին․ «Զարմանալի է նաև, որ այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում իրենց ժողովրդավարության և արդարության պաշտպաններ հռչակած եվրոպացի և ամերիկացի դիվանագետների աչքի առջև»։

Ռեպորտաժում փաստերի նենգափոխմանը չի անդրադառնում նաև ԱԺ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը, ով անցյալ շաբաթ գործընկերների հետ այցելել է Քեսաբ և հանդիպել Սիրիիայի նախագահ Բաշար Ասադի հետ։

«Զինյալները, այսպես կոչված… Հրոսակային խմբերը Քեսաբ են ներխուժել ոչ միայն Թուրքիայի ուղիղ թողտվության, այլ նաև ուղղակի աջակցության պարագայում», – ասում է Լևոն Մարտիրոսյանը, ով ռուսաստանցի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի եղբայրն է։

Մարտի 31-ին լրագրող Գեղամ Վարդանյանը media.am կայքում վերլուծել էր «SaveKessab» արշավը, որը լայն տարածում է գտել սոցցանցերում։

«1915-ի դեպքերի հետ զուգահեռները եւ այն, որ ըստ տարբեր աղբյուրների՝ սիրիացի ապստամբները Քեսաբը գրավել են Թուրքիայի կողմից, առիթ դարձան, որպեսզի #SaveKessab հեշթեգի կողքին օգտագործվի նաև #ArmenianGenocide հեշթեգը: Ավելին՝ այդ զուգահեռները սոցիալական մեդիա արշավում դոմինանտ դեր են կատարում: Ու ստացվում է, որ 1915թ.-ի ցեղասպանության ու Քեսաբում հայզգի զոհերի մասին կեղծ լուրերի միջև հավասարության նշան է դրվում: Ամերիկահայ լրագրող Լիանա Աղաջանյանը շատ դիպուկ գրառում էր կատարել այս թեմայով իր Twitter-ում:

Լիանան ճիշտ է նկատել՝ #SaveKessab հեշթեգով հատկապես կեղծ տեսանյութերը տարածվում են արագ և մեծ համառությամբ: Զանգվածային գնդակահարության տեսարաններ, որ Քեսաբի հետ ոչ մի կապ չունեն (կեղծ տեսանյութը տարածել էր ռուսական LifeNews-ը, սակայն սկզբնաղբյուր տեսանյութը YouTube-ում տեղադրվել էր մարտի 20-ին, մինչև Քեսաբի գրավումը), խաղարկային ֆիլմերից կտրված կադրերով պատրաստված տեսանյութեր:

Այս տեսակի կեղծ տեղեկատվությունը տարածողները հաճախ հասարակ օգտատերեր են, որ ուղղակի ուզում են սոցիալական մեդիան օգտագործել իրենց հայրենասիրությունը ցույց տալու կամ պարզապես քեսաբահայերի խնդրի լուծմանը իրենց կարողացածի չափով օգնելու համար:

Խնդիրն այն է, որ տեղեկատվությունը Քեսաբից, որպես այդպիսին, շատ սուղ է: Առաջին աղբյուրից տեղեկատվությունը գրեթե բացակայում է: Իսկ երբ տեղեկատվություն չկա, շատ հեշտ է այն փոխարինել ապատեղակատվությամբ:

Առաջինն «Ապարեզ»-ն էր, որ գրեց 80 զոհերի մասին՝ առանց տեղեկատվությանը որևէ հղում անելու: Նրանց ազգության մասին տեղեկատվություն նույնպես չկար: Հայ զոհերի մասին տեղեկատվությունը ընդհանրապես պաշտոնապես չի հաստատվել: Նույն սոցիալական մեդիայի օգնությամբ Քեսաբում հայազգի զոհերի մասին լուրերը հերքվել են:

Կեղծ տեղեկատվությունը, լուսանկարները և տեսանյութերը արագ են տարածվում, քանի դեռ օգտատերերն ուղղակի ժամանակ չեն ծախսում դրանք ստուգելու համար: Անգամ խմբագրություններն են սխալվում և առանց փաստերը ստուգելու օգտագործում սոցիալական մեդիայով տարածվող կեղծ բովանդակությունը: Եվ #SaveKessab-ն այստեղ բացառություն չէ», – գրել է Վարդանյանը: