ՍԴ-ն կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական է ճանաչել, սակայն համակարգը գործելու է մինչև սեպտեմբերի 30-ը։ ՍԴ-ի որոշման ձևակերպումները դարձել են այսօրվա հայաստանյան տպագիր ԶԼՄ-ների կենտրոնական թեման։
Այն, որ մինչև սեպտեմբերի 30-ը պարտադիր բաղադրիչը կարող է գանձվել, իշխանության ներկայացուցիչների կարծիքն է։ Երեկ Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ ՍԴ-ն օրենքը ուժի մեջ է թողել մինչև սեպտեմբերի 30-ը՝ պահանջելով շտկել և կարգավորել այն։ «Եթե օրենքը նախատեսում է պատասխանատվություն, ապա չվճարողները, իհարկե, կենթարկվեն պատասխանատվության, որովհետև օրենքը գործում է մինչև սեպտեմբերի 30-ը», – ասել է Հարությունյանը։
Հայցը ներկայացրած անձինք հակառակ դիրքորոշումն ունեն, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Թերթն ընդգծում է, որ փաստաբան Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական է ճանաչվել, ուստի չպետք է գանձվի, իսկ արդեն վճարված գումարները պետք է հետ վերադարձվեն մարդկանց։ Թերթի հետ զրույցում փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, որ եթե գործատուները չկատարեն պարտադիր վճարները և դրա համար տույժի ենթրակվեն, ապա գործատուները կարող են այդ տույժը վիճարկել դատարանում, քանի որ պարտադիր բաղադրիչը ճանաչվել է հակասահմանադրական։
Միևնույն ժամանակ, «ՀԺ»-ն մեջբերում է ՀՀ «Սահմանադրական դատարանի մասին օրենքի» 68-րդ հոդվածի 15-րդ կետը․ «Եթե Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կամ դրա որևէ դրույթի` Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման պահին Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչումն անխուսափելիորեն կառաջացնի այնպիսի ծանր հետևանքներ հանրության և պետության համար, որոնք կխաթարեն այդ պահին տվյալ նորմատիվ ակտի վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությունը, ապա Սահմանադրական դատարանը կարող է, տվյալ ակտը ճանաչելով Սահմանադրությանը հակասող, իր որոշման մեջ հետաձգել այդ ակտի իրավաբանական ուժը կորցնելը: Այդ դեպքում մինչև ակտի իրավաբանական ուժը կորցնելը, ակտը համարվում է Սահմանադրությանը համապատասխանող»։
Թերթը նշում է, որ, փաստորեն, օրենքը հակասահմանադրական դրույթներով հանդերձ գործելու է մինչև սեպտեմբեր։
Ընդգծելով, որ Գագիկ Հարությունյանը հակասական որոշում է կայացրել «Ժողովուրդ» օրաթերթը, իր հերթին, մեջբերում է 2007 թվականի մայիսի 11-ին ՍԴ-ի կողմից կայացված ՍԴՈ-701 որոշումը, ըստ որի «հակասահմանադրական ճանաչված և տարաժամկետված իրավական նորմերի հետագա կիրառմանը չպետք է մեխանիկական մոտեցում ցուցաբերվի»։
«Ասել է թե՝ այնուամենայնիվ, իշխանությունները հակասահմանադրական նորմերը չեն կարող մեխանիկորեն կիրառել ու պարտադրել վճարումներ անել, ու Դավիթ Հարությունյանը սխալվում է», – եզրակացնում է թերթը։