Home / Հայաստան / Գնաճը կանխատեսածից բարձր է, տնտեսական աճը՝ ցածր․ ՀԲ-ն՝ Հայաստանի մասին

Գնաճը կանխատեսածից բարձր է, տնտեսական աճը՝ ցածր․ ՀԲ-ն՝ Հայաստանի մասին

Հայաստանի զարգացման ռազմավարության կողմից սահմանված տարեկան 6-8 տոկոս տնտեսական աճը գրանցելու համար ՀՀ կառավարությունը պետք է արտադրողականության ընդլայնմանը նպաստող կառուցվածքային բարեփոխումներ իրականացնի։ Այս մասին ասված է Հայաստանի տնտեսական վիճակին նվիրված Համաշխարհային բանկի (ՀԲ) զեկույցում։

Զեկույցի հեղինակները, մասնավորապես, ընդգծում են, որ 2013 թվականին շինարարական ոլորտում գրանցված անկումը հանգեցրել է Հայաստանում տնտեսական աճի նվազման։ Ըդհանուր առմամբ, 2013 թ․ ՀՆԱ-ի աճը կազմել է 3․5 տոկոս՝ 2012 թ․ 7․2 տոկոսի համեմատ։ Շինարարական ոլորտի ավելացված արժեքի աճը 2013-ին նվազել է 11․2 տոկոսով, մասամբ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքների ձգձգումների պատճառով։ Շինարարական ոլորտի անկումը հակազդել է արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ծառայությունների դինամիկ ընդլայնմանը։

Համաշխարհային բանկն ընդգծում է, որ 2013-ի օգոստոսին գնաճը Հայաստանում հասել է 9,2 տոկոսի՝ հիմնականում էներգակիրների գնի թանկացման պատճառով, բայց 12-ամսյա գնաճը 2013-ի դեկտեմբերի դրությամբ կազմել է 5,6 տոկոս՝ սննդամթերքի ցածր գների պատճառով։ Այն, միևնույն է, գերազանցել է Հայաստանի Կենտրոնական բանկի՝ 12-ամսյա 2․5 – 5․5 տոկոս գնաճի կանխատեսումները։

Արտահանված ապրանքների ծավալն աճել է 7․2 տոկոսով, իսկ դրամական փոխանցումների մաքուր ներհոսքը 2012-ի համեմատ աճել է 15 տոկոսով՝ գերազանցելով 1․5 միլիարդ դոլարը։ Խոշար փոխանցումների մեծ մասը եկել է Ռուսաստանից՝ չնայած այդ երկրում տնտեսական աճի դանդաղեցմանը։ Եվրապարտատոմսերի հաջող թողարկումից հետո Հայաստանի կառավարությունը մարել է իր պարտքը Ռուսաստանին՝ այսպիսով մեղմելով միջնաժամկետ ճնշումներն իր արտաքին և հարկաբյուջետային հաշիվների վրա։

Երրորդ տարին անընդմեջ՝ հանրային ծախսերի իրականացումն ավելի ցածր էր, քան նախատեսված էր բյուջեով։ Հարկային եկամուտները համապատասխանում էին բյուջեին՝ հարկային վարչարարության բարելավման, հարկային բազան ընդլայնելու միջոցառումների, և չորրորդ բջջային օպերատորի կողմից վճարվող լիցենզիայի միանվագ վճարի շնորհիվ։