Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ փուլի Բորուսիա-Ռեալ պատասխան խաղում գերմանական թիմի հաջողությանը քչերն էին սպասում։ Խոսքը հաջորդ փուլ դուրս գալու մասին էր, ինչը անհավանական էր թվում, որովհետև առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» հաղթել էր 3։0 հաշվով։ Սակայն հանդիպման ընթացքը ցույց տվեց, որ առանց Կրիշտիանու Ռոնալդուի խաղացող մադրիդցիները կարող էին տանուլ տալ մեծ առավելությունը։ Բազմաթիվ կադրային խնդիրներ ուներ նաև «Բորուսիան»։ Մասնավորապես, հենակետային գոտում վնասվածքների պատճառով հիմնական կազմում բացակայում էին 3 հիմնական հենակետային կիսապաշտպանները՝ Բենդերը, Շահինն ու Կելը, ու հենակետային դիրքում խաղում էր անփորձ Յոյիչ-Կիրխ զույգը։ Այնուամենայնիվ, գերմանական թիմը կռիվ տվեց, որի արդյունքում 2։0 հաշվով հաղթանակ տարավ։ Հաշիվը, սակայն, կարող էր էլ ավելի խոշոր լինել, եթե, օրինակ, Հենրիխ Մխիթարյանը օգտագործեր իր պահերը։
Առաջին կեսում «Ռեալի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան չիրացրեց 11-մետրանոցը, որից հետո խաղադաշտում միայն մեկ թիմ կար՝ «Բորուսիան»։
Նախ նպաստավոր դիրքից վրիպեց Հենրիխ Մխիթարյանը, ապա երկու գոլ հեղինակեց Ռոյսը։
Երկրորդ խաղակեսի սկզբում մադրիդցիները փոքր ինչ հավասարեցրեցին խաղը, բայց այնուհետև Դորտմունդը դարձյալ տիրեց նախաձեռնությանը։ Հաշիվը 3։0 դարձնելու ամենաիրական պահը կորցրեց Հենրիխ Մխիթարյանը, ով, մեն-մենակ մնալով Իկեր Կասիլյասի առջև, շրջանցեց վերջինիս ու գնդակը գլորեց դեպի անպաշտպան դարպասը, սակայն այն հետ մղվեց դարպասաձողից:
Քիչ անց Մխիթարյանը ևս մեկ հնարավորություն ստացավ, սակայն նրա հարվածից հետո գնդակը հետ մղեց Իկեր Կասիլյասը։
2։0 հաշիվը թույլ տվեց «Բորուսիային» բարձր գլխով լքել Չեմպիոնների Լիգան, սակայն ակնհայտ էր, որ այդ երեկո դորտմունդցիները շատ ավելին կարող էին անել։ Իսկ եթե Մխիթարյանին հաջողվեր երրորդ գնդակը խփել, ապա երկրպագուները նրան կներեին ամեն ինչ՝ և՛ ոչ կայուն անցկացված մրցաշրջանը, և՛ վերջին խաղերի վրիպումները։ Այժմ էլ Դորտմունդի ֆաներից շատ բան է կախված․ նրանք կարող են աջակցել ծանր հոգեբանական հարված ստացած հայաստանցի ֆուտբոլիստին։ Բայց առաջին հերթին, նա ինքը պետք է փորձի լուծել իր խնդիրները։
Օրվա երկրորդ խաղում «Չելսին» սեփական հարկի տակ 2։0 հաշվով պարտության մատնեց ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենին» և կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց։