Ուկրաինայի և Հայաստանի միջև զուգահեռները բոլորովին անտեղի են։ Այս մասին այսօր ilur.am-ի հետ զրույցում հայտարարել է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
«Ուկրաինական իրադարձությունները կապված են Արևմուտքի և Ռուսաստանի միջև այդ երկրի քաղաքական կողմնորոշման «հավերժական» երկընտրանքի հետ։ Այդպիսի երկընտրանքի առջև Ուկրաինան կանգնած է եղել Բոգդան Խմելնիցկու ժամանակներում, Պետլյուրայի օրոք և երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Նույնը տեղի է ունենում այսօր և դեռեւս շարունակվելու է ապագայում։ Մինչդեռ Հայաստանում քաղաքական առումով, շեշտում եմ, քաղաքական, այլ ոչ թե արժեքային կամ մշակութային առումներով, հատուկենտ անհատներից ու լուսանցքային տարրերից բացի, արևմտամետ ուժեր գոյություն չունեն։ Եթե ունենային, ապա քսան-երեսուն հոգիանոց բողոքի ցույցերի փոխարեն վաղուց բազմազանգված Մայդան կկազմակերպեին։ Սեպտեմբերի 3-ից ավելի քան յոթ ամիս է անցել, իսկ Մայդան այդպես էլ չկա ու չկա։ Հայաստանյան իրադարձություններն, ըստ այդմ, ի տարբերություն Ուկրաինայի, կապված են ոչ թե արտաքին, այլ բացառապես ներքին խնդիրների, ավելի ճիշտ, ատելի ավազակապետական ռեժիմից ազատվելու միակ խնդրի հետ, որը գոյություն է ունեցել սեպտեմբերի 3-ից շատ առաջ, ամենևին առնչություն չունենալով Եվրոասոցացումից դեպի Եվրասիացում կատարված կտրուկ շրջադարձի հետ», – նշել է Տեր-Պետրոսյանը։
Հարցազրույցը վարող ilur.am-ի խմբագիր Քրիստինե Խանումյանի այն նկատառմանը, որ Տեր-Պետրոսյանին ոմանք մեղադրում են մարտի 1-ի հանրահավաքում արած այն հայտարարության համար, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլևս անշրջելի է, իսկ եվրոինտեգրումը` տեսանելի ապագայում անհնարին, ՀԱԿ առաջնորդը պատասխանել է, որ դա նույնն է, եթե ինքն ասեր, որ երկրագունդը պտտվում է արեգակի շուրջ, ու դրա համար իիրեն մեղադրեին։
«Ընդդիմախոսներիս համար իմ պնդման հերքումը, կարծում եմ, որևէ դժվարություն չպիտի ներկայացնի։ Ինձ ամոթով թողնելու համար ընդամենը բավական է, որ նրանք պարզապես շրջեն Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը կամ գոնե հասարակությանը ներկայացնեն դրա շրջելիության հստակ ու համոզիչ ծրագիրը», – ասել է Տեր-Պետրոսյանը։