Իշխանությունը ժողովրդի առաջ երկու պայման է դրել՝ կամ «կուտակային» կամ արտագաղթ․ «Դ!եմ եմ»-ն ընտրել է 3-րդ տարբերակը՝ պայքարը։ «Դ!եմ եմ» մախաձեռնության կողմից Մատենադարանի մոտ կազմակերպած այսօրվա հանրահավաքի ընթացքում այսպիսի կարծիք է հայտնել թիմի անդամ Կարեն Հովհաննիսյանը։
Վերջինս ելույթի ընթացքում խոսել է խնդիրների, ինչպես նաև նախաձեռնության պահանջների մասին։
«ՊԵԿ-ը պետք է էլեկտրոնային հաշտվետվությունների համակարգից հանի պարտադիր դաշտը, դադարեցնի անհիմն պահումները և վերադարձնի վերջին ամիսների ընթացքում անհիմն կերպով գանձված գումարները: Եթե իշխանությունները չեն փորձում կամ չեն կարողանում հրաժարվել բռնած դիրքորոշումից, չեն կարողանում լուծում տալ, ապա մենք պարտավորվում ենք շարունակել մեր պայքարը», – նշել է Հովհաննիսյանը։
Հանրահավաքի մասնակից «Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ընդգծել է, որ կառավարությանը անմտություն է բերել ժողովրդի համախմբման, ինչի համար գործադիրից պետք է շնորհակալ լինել․ «Այսօր համախմբվել են ոչ միայն աշխատակիցները, այլ նաև գործատուները: Բայց նաև համախմբվել են աշխատողներն ու գործատուները իրար հետ, սա աշխարհում շատ քիչ տեսնվող բան է»։
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ իր ելույթում նշել է, որ ժողովուրդի արձանագրած հաջողությունն այն է, որ ՍԴ-ն հիմնովին և հիմնարար հակասահմանադրական է ճանաչել օրենքի պարտադիր բաղադրիչը:
«Դատապարտում եմ բոլոր նրանց կեցվածքը, ովքեր փորձեցին նսեմացնել որոշումը և ներկայացնել, որ մինչև սեպտեմբերի 30-ը գումարները պետք է գանձվեն՝ դրանք ենթակա չեն գանձման։ Այդ պահանջը հակաիրավական է, որովհետև խախտվում է մարդու՝ Սահմանադրությամբ ամրագրված սեփականությունը տնօրինելու իրավունքը: Ասում են, թե օրենքը պետք է գործի՝ վկայակոչելով Սահմանադրական դատարանի մասին օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ կետը, այսինքն՝ նույն հոդվածի 10-րդ կետում ասում է, որ այն ակտը, որը ՍԴ-ի որոշման կայացման պահին ճանաչվել է անվավեր, անվավեր է որոշման պահից, այստեղ որևէ երկիմաստ բան չկա»,-նշել է նա։
Վերջինս տեղեկացրել է, թե առաջիկայում ԱԺ-ում գումարելու են արտահերթ նիստ և քննարկման են դնելու օրենք, համաձայն որի մինչև սեպտեմբերի 30-ը որևէ գումար չպետք է գանձվի։ Երեք ամիսների ընթացքում արված պահումները պետք է վերադարձվեն, և որևէ տույժ չի կարող կիրառվել գործատուների նկատմամբ պահումները չկատարելու համար։
Հանրահավաքի ավարտին նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանը հայտարարել է, թե «Դ!եմ եմ»-ն առաջիկա անելիքների մասին ոչինչ չի ասելու՝ այսինքն «Ճանապարհային քարտեզ» չի ներկայացվելու:
«Մի շարք պատճառներ կան՝ մենք կուսակցություն չենք, կառավարություն չենք, ՀՀ քաղաքացիներ ենք, ովքեր խնդիրը տեսնելով այն՝ ստանձնել են դրա բեռը։ Մենք մեր վրա ենք վերցրել արհմիությունների գործառույթը և հույս ունենք, որ Հայաստանում կլինի հզոր արհմիութենական համակարգ և կպայքարի ՀՀ քաղաքացիների իրավունքների համար։ Չնայած արհմիությունների պարտականությունները ստանձնելուն՝ մեզնից նաև պահանջում են վերցնել գործադիրի, օրենսդիրի պարտականությունները։ Մենք դրան էլ ենք պատրաստ, միայն թե հասնենք մեր ուզած արդյունքին», – ասել է Գորգիսյանը:
Նա նշել է, որ գալիք ուրբաթ՝ ապրիլի 18-ին, ժամը 18-30–ին Երևան քաղաքում նախատեսված է բողոքի մեծ ակցիա, ինչի հետ կապված մանրամասները սակայն «իշխանության նյարդերի հետ մի քիչ խաղալու համար» չի ներկայացրել: