Հայաստանի տնտեսությունը գտնվում է խորը ճգնաժամի մեջ, և Հովիկ Աբրահամյանի կառավարությունը չի կարողանա լուծել երկրի առջև կանգնած սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները, քանի որ նույն օլիգարխիկ համակարգի մի մասն է: Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
«Հարցը անձի մեջ չէ: Տիգրան Սարգսյանին փոխարինելով Հովիկ Աբրահամյանով, Հովիկ Աբրահամյանին փոխարինելով Տիգրան Սարգսյանով, հարցը չի լուծվի, որովհետև հարցը համակարգային է․ այսօրվա իշխանությունը պատրաստ չէ պայքարել կոռուպցիայի դեմ, մենաշնորհների դեմ, որովհետև այս իշխանության բազան այդ տնտեսական մենաշնորհներն են, կոռուպցիան է: Առանց դրանց այսօրվա իշխանությունը գոյություն ունենալ չի կարող», – ասել է Խաչատրյանը:
Հայ ազգային կոնգրեսի անդամն ընդգծել է, որ տարիներ է ինչ Հայաստանի իշխանությունները նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ խոսում են երկրում առկա օլիգարխիկ համակարգի դեմ պայքարի մասին, քանի որ այն դիտարկվում է տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը, սակայն այդ ուղղությամբ հաջողությունները մեղմ ասած վիճելի են․ անցած նոյեմբերին Համաշխարհային բանկի հրապարակած զեկույցի համաձայն Հայաստանի տնտեսությունն ամենամոնոպոլիզացվածն է նախկին ԽՍՀՄ ու Արևելյան Եվրոպայի երկրների շարքում:
Պակաս ուշագրավ չեն միջազգային մեկ այլ հեղինակավոր կազմակերպության՝ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալները: 2009-ի ավելի քան 14 տոկոսանոց անկումից հետո մինչ օրս Հայաստանը չի կարողացել վերականգնել իր տնտեսության մինչճգնաժամային՝ 2008 թվականի ծավալները: Հիմնադրամի հաշվարկներով տնտեսական այս աճի պայմաններում մենք դա կարող ենք անել միայն 2016 թվականին, մինչդեռ հարևան Ադրբեջանը դա արել է անկման հենց հաջորդ տարում՝ 2010-ին, իսկ Վրաստանը՝ 2011-ին: