Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը մի քանի տասնյակ խոշոր գործարարների հետ հաղորդում է հանցագործության մասին, գրում է «168 ժամ» օրաթերթը։ Համաձայն պաշտոնական հաղորդագրության, Աբրահամյանը գործարարների հետ քննարկել է «տնտեսության ներկայիս վիճակին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ»:
«Իրականում երեկվա այդ հանդիպումը ոչ այլ ինչ էր, քան խմբակային հաղորդում հանցագործության մասին: Միանգամից մի քանի հանցագործությունների: Նախ՝ երեկ Մելիք-Ադամյան փողոցում էին հավաքվել բոլոր նրանք, ում Սահմանադրությամբ արգելվում է զբաղվել բիզնեսով՝ Աժ պատգամավորները և կառավարության անդամները: Նրանք, իհարկե, բոլորը հայտարարում են, թե բիզնեսով չեն զբաղվում, այլ ընդամենը սեփականատերեր են: Այդ դեպքում, սակայն, հարց է առաջանում՝ ինչո՞ւ վարչապետի հետ հանդիպմանը չէին ներկայացել նրանց բիզնեսների մենեջերները: Մյուս կողմից, սակայն, այդ հարցը ծիծաղելի է, քանի որ այդ դեպքում վարչապետի փոխարեն էլ մյուս գործարարների հետ պետք է հանդիպեր նրա ձկնաբուծարաններից կամ գործարաններից մեկի տնօրենը։
Հիմնական միտքը, որն, ըստ գործարարների, արտահայտել է Հովիկ Աբրահամյանը, եղել է հետևյալը, եկեք անցյալի մասին քիչ խոսենք, գիծ քաշենք ու ամեն ինչ սկսենք զրոյից, մտածենք ապագայի մասին: Որպես բաժակաճառ՝ դա, իհարկե, բարեհունչ է, սակայն որպես վարչապետի դիրքորոշում, մեղմ ասած, տարակուսելի: Որովհետև դա նշանակում է այն, ինչն ընդունված է անվանել հարկային համաներում: Ավելի պարզ ասած՝ Աբրահամյանի ասածը հետևյալն է. «մեզանից ով՝ ինչ արել-չի արել նախկինում, որքան հարկեր է թաքցրել կամ որքանով է գործել ստվերում, գլուխը՝ քարը, այսօրվանից սկսում ենք աշխատել մաքուրով»: Անցումային շրջանում գտնվող մի շարք երկրներում այդ պրակտիկան տարածված է, սակայն կա մի նրբություն: «Գիծ քաշվում է» ոչ թե որևէ մեկի ցանկությամբ կամ կամքով, եթե անգամ այդ մեկը «լավ ախպեր» է, այլ օրենքով: Մինչդեռ Հովիկ Աբրահամյանը, փաստորեն, իրեն հավասարեցրել է օրենքին», – նշում է թերթը։
«168 ժամ»-ն ընդգծում է նաև, որ հանդիպմանը բացակա էր Հայաստանի ամենախոշոր գործարարներից մեկը՝ ԲՀԿ նախագահ, Հովիկ Աբրահամյանի խնամի Գագիկ Ծառուկյանը։
Թերթը նշում է, որ հանդիպման ընթացքում խոսվել է հավասար պայմանների մասին, իսկ «ի՞նչ հավասար պայմանների մասին կարող է խոսք լինել, եթե վարչապետը խնամի է, կամ խնամին՝ վարչապետ»։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում