Home / Հայաստան / «Աղքատության պատճառը»․ Սիցիլիայում սիրում են մաֆիոզիներին, Աբխազիայում՝ ռուսներին

«Աղքատության պատճառը»․ Սիցիլիայում սիրում են մաֆիոզիներին, Աբխազիայում՝ ռուսներին

Աբխազիայի ճակատագիրը լավագույն օրինակն է, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանների հետ, որոնք ընկնում են ռուսաստանյան ազդեցության գոտի։ Սա պատմություն է այն մասին, որ պետությունն ապրում էր Մոսկվայի փողերի հաշվին, իսկ ուկրաինական ճգնաժամի հետ փողերը, բառացիորեն, վերջացան։ Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում իր հեղինակային «Կոդ դոստուպա» («Մուտքի գաղտնաբառ») հաղորդման ժամանակ հայտարարել է ռուսաստանցի լրագրող Յուլիա Լատինինան (լուսանկարում)՝ խոսելով Աբխազիայի՝ ընդդիմության ճնշմանը չդիմացած նախագահ Ալեքսանդր Անկվաբի հրաժարականի մասին։

Հոդվածը ներկայացնում ենք թարգմանաբար․

– Որքանով ինձ հայտնի է, այս տարվա համար Աբխազիային նախատեսված էր 12 միլիարդ ռուբլու ծախս։ Իսկ այն բանից հետո, երբ կախարդական շատրվանը սկսեց չորանալ, տրամադրվեց ընդամենը 2 միլիարդ։ Ինչպես նկատել է ծանոթներիցս մեկը, որի անունը, ցավոք, չեմ կարող հրապարակել, «Անկվաբին բավականացրեց, ժողովրդին՝ ոչ»։

Այսինքն, եթե հերթականությամբ․ կա աներևակայելիորեն պարարտ շրջան, որը կոչվում է Աբխազիա։ Եվ այդ շրջանում լիակատար ավերածություն է տիրում։ Գյուղատնտեսությունը ոչնչացված է։ Ծխախոտի արդյունաբերությունը վերացել է Խորհրդային միության փլուզումից հետո։ Զբոսաշրջային հատվածը․․․դե կա մի աղքատ հատված․ դա մարդիկ են, ովքեր ապրում են խորհրդային առողջարաններից մնացած ավերակներում։ Մարդիկ են, ովքեր պաղպաղակի մի գնդիկ են պատվիրում երկուսի համար։ Դա սեփականության իրավունքների հետ կապված սարսափելի իրավիճակն է, քանի որ այդ առողջարանները, կամ այն, ինչ դրանցից մնացել է, բաժանվել են նախկին դաշտային հրամանատարներին, կամ, ընդհանրապես, ինչ-որ տարբեր տեսակի ընկերների։ Ավելին, եթե չեմ սխալվում, նույն ինքը՝ Անկվաբը, բացատրել է, թե ինչու դրանք չեն վաճառվում․ ըստ նրա՝ վրացիները կգան ու ամեն ինչ կգնեն․․․

․․․ Իմ անձնական համոզմունքն այն է, որ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը պետք է սկսվեր Աբխազիայից, և որ Աբխազիայի ղեկավարությունը, իրականում, այդ սցենարի մասին հայտնել է Արևմուտքին, քանի որ այն ժամանակ նրանք միջազգային ճանաչման հույս ունեին․ կարծում եմ՝ Աբխազիայի դեպքը նույն Կոսովոյի դեպքն է։ Աբխազները չեն ուզում ապրել Վրաստանում։ Աստվածային չափանիշներով, նույն չափանիշներով, ինչ՝ Կոսովոն, նրանք անկախության իրավունք ունեն։

Ամենատխուր դասը, որ կարելի է քաղել Աբխազիայի ճակատագրից, որի մասին խոսում եմ, այն է, որ Կրեմլը արեց ամեն ինչ, որպեսզի որևէ այլ գումարներ, բացի ռուսաստանյան սուբսիդիաներից, Աբխազիայում չլինեն։

Իսկ հետո՝ վերահաս ճգնաժամի պայմաններում, Կրեմլը պարզապես որոշեց Աբխազիայի հաշվին տնտեսել։ Փողերը սկսեցին վերջանալ, և 12 միլիարդի փոխարեն եկավ 2-ը։ Պետական ծառայողների աշխատավարձերը ուշացրին։ Ընդդիմությունը սկսեց զանգվածային հանրահավաքներ կազմակերպել՝ «Հերիք է Անկվաբը բաժանի, տվեք՝ մենք բաժանենք» թեմայով։ Հարկ է նշել, որ այս ամենը տեղի է ունենում մինչ իրական տնտեսական պատժամիջոցների գործելը։

Եվ ի՞նչն է ինձ համար այստեղ ամենակարևորը։

Հենց նոր ասացի, որ Ռուսաստանի ազդեցության գոտի ընկած տարածաշրջանների հետ ոչ մի լավ բան տեղի չի ունենում, և որ աշխարհաքաղաքականության ժամանակակից կրեմլյան պատկերացումն այն է, որ պետք է անել ինչ-որ բան՝ նվաստացնելու և ոտնահարելու համար։

Իսկապես, նվաստացրին, ոտնահարեցին և ոչնչացրին Սաակաշվիլիի ռեժիմի ձեռքբերումները Վրաստանում։ Ստացվե՞ց։ Ստացվեց։ Ուկրաինային նվաստացրի՞ն, ոտնահարեցի՞ն։ Նվաստացրին և ոտնահարեցին։ Հոգեբանական հաճույքից բացի, այս ամենից ի՞նչ շահ կա։ Ռազմավարական շահ ես այստեղ չեմ տեսնում։

Նույն Աբխազիայի օրինակի վրա՝ ի՞նչ կարելի էր անել։ Առաջին հերթին, աշխատել Աբխազիայի միջազգային ճանաչման ուղղությամբ։ Եթե Ռուսաստանն իսկապես Աբխազիայի հովանավորը լիներ, այն երկու բան կաներ։

Առաջինը, ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում չճանաչված տարածքները վատ են ապրում, եթե անգամ դա Հյուսիային Կիպրոսն է, այլ ոչ Աբխազիան։ Առաջին հերթին, Ռուսաստանի երաշխավորությամբ՝ առաջարկել Աբխազիայի վերադարձը Վրաստան՝ ցանկացած ընդլայնված ինքնավարության իրավունքներով։

Լավ տարբերակ է, եթե աբխազները կտրականապես համաձայն չեն աշխատել Աբխազիայի միջազգային ճանաչման ուղղությամբ։ Իրականում, հասկանալի է, որ երկու չճանաչված պետությունները՝ Աբխազիան ու Հարավային Օսիան, Ռուսաստանին պետք են Վրաստանին սպառնալու համար, այլ ոչ, որպեսզի լավ լինի աբխազներին։

Երկրորդը՝ իրական միջազգային ճանաչումից, կամ, ավելի լավ, Ռուսաստանի երաշխավորությամբ Վրաստանին ինտեգրվելուց բացի, ցուցաբերել օգնություն տնտեսական բարեփոխումներում։ Քանի որ ներկայումս տիրող սեփականության իրավունքների իրավիճակում Աբխազիայում որևէ զարգացող տնտեսություն չի կարող լինել։

Փոխարենը, ինչպես արդեն ասացի, կար բոլորովին այլ պատմություն։ Պատմություն, որում Աբխազիան դարձնում էին այնպիսի Գազայի հատված, որով միշտ կարելի է սպառնալ Վրաստանին։ Բայց կար ակնհայտ հետաքրքրվածություն, որպեսզի չճանաչված պետությունը, մի կողմից, ամբողջովին կախված լիներ Ռուսաստանից, այնպես, ինչպես Հարավային Սիցիլիայում աղքատ գյուղացիները կախված են տեղական մաֆիոզիներից։ Նրանք պաշտում են մաֆիոզիներին, քանի որ դա փողի միակ աղբյուրն է։ Միևնույն ժամանակ, իրականում, հենց այդ մաֆիոզիներն են նրանց աղքատության պատճառը։

Ահա սա է ինձ համար ամենակարևորը, ներկայիս ռուսաստանյան քաղաքականության գլխավոր, ամենամտահոգիչ արդյունքներից մեկը, քանի որ այս պատմության մեջ ամենատխուրն այն է, որ մեզ շրջապատող պետությունները պարտվում են։ Միևնույն ժամանակ, ցավոք, չեմ տեսնում, որ Ռուսաստանը հաղթի։