Home / Հայաստան / Ինքնասպանության փորձը գրանցվել է ոչ թե Երևանի, այլ Եղվարդի «Նաիրի» բուժկենտրոնում (թարմացված)

Ինքնասպանության փորձը գրանցվել է ոչ թե Երևանի, այլ Եղվարդի «Նաիրի» բուժկենտրոնում (թարմացված)

Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնում հունիսի 2-ին ինքնասպանության փորձ տեղի չի ունեցել, տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է բուժկենտրոնի փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանը։

Այսօր News.am կայքը հաղորդել էր, որ երեկ հիվանդանոցում դժբախտ պատահար է տեղի ունեցել՝ 3-րդ հարկից ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել 22-ամյա մի երիտասարդ: 

«Ես զգուշացրել եմ News.am-ին, որպեսզի իրենք էլ հերքում մտցնեն, քանի որ չճշտված իֆորմացիա են տեղադրել կամ գուցե բուժկենտրոնն են շփոթել՝ մեզ մոտ նման բան տեղի չի ունեցել», -եզրափակել է Աղաբաբյանը։

Ավելի ուշ կայքը նյութում ուղղում է մտցրել՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Epress.am-ը կապվել է Եղվարդի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Նազարյանի հետ, ով նշել է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ։ Ինքնասպանության փորձ կատարածը 23-ամյա Արշալույս Մկրտչյանն է Մրգաշեն գյուղից։ Այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը կայուն է։ Նա ստացել է ողնաշարի երկու ողերի կոտրվածք, սալջարդեր։