հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Նաիրիտի» շուրջ բանակցությունները փակուղի են մտել․ գործարանը 400 մլն դոլարի պարտք է կուտակել․ «ՀԺ»

«Նաիրիտի» շուրջ բանակցությունները փակուղի են մտել․ գործարանը 400 մլն դոլարի պարտք է կուտակել․ «ՀԺ»

ՀՀ կառավարության կուլիսներում պատրաստվում են մի նոր սկանդալի։ Խոսքը «Նաիրիտի» մասին է, որի ճակատագիրը գնալով ավելի է մթագնում։ Այս մասին իր այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Դեռ անցած տարվա սեպտեմբերին հայտարարվել էր, որ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը հետաքրքրություն էր ցուցաբերել «Նաիրիտ» գործարանի շուրջ։ Խոսվում էր այն մասին, որ այդ ընկերությունը պետք է «Նոր Նաիրիտ» կառուցեր «Հին Նաիրիտի» տարածքում։

«Ռոսնեֆտի» կողմից «Նաիրիտը» գործարկելու մասին խոսվեց Հայաստանը Մաքսային միությանը անդամագրելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարության օրը՝ սեպտեմբերի 3-ին։ «Այսինքն, «Ռոսնեֆտը» սպասում էր, որ Սերժ Սարգսյանը կորոշի Հայաստանն անդամագրել ՄՄ-ին, որպեսզի հայտարարեր «Նաիրիտը» գործարկելու մասին։ Իսկ սրանից հետևում է, որ սա ոչ թե տնտեսական գործարք է լինելու, այլ՝ քաղաքական․ «Ռոսնեֆտը» գործարկելու է «Նաիրիտը»՝ Հայաստանը ՄՄ-ին անդամագերելու դիմաց»,- գրում է «Հայկական ժամանակը»։

Թերթը նշում է, սակայն, որ «Ռոսնեֆտի» հետ բանակցությունները փակուղի են մտել, ու այս պահի դրությամբ որևէ պայմանավորվածություն դեռ ձեռք չի բերվել։

ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աղբյուրները թերթին հայտնել են, որ բանակցություններն առաջ չեն գնում, քանի որ կողմերը չեն կարողանում պայմանավորվել «Նաիրիտի» կուտակած պարտքերի մարման մեխանիզմների շուրջ։

«Նաիրիտի» համախառն պարտքը մայիսի վերջի դրությամբ կազմում է 400 միլիոն դոլար, ու իրենից ներկայացնում է կոնկրետ կազմակերպությունների ունեցած, մարման ենթակա պարտք, որի վրա օրեցօր տոկոսներ են կուտակվում։ Պարտատերերից և ոչ մեկն այդ պարտքը չի պատրաստվում զիջել։

Հարկ է նշել, որ «Նաիրիտին» ամեն ամիս հայկական բանկերը վարկեր են տրամադրում կառավարության տված բյուջետային երաշխիքների դիմաց։ Այսինքն, եթե գործարանը այդ պարտքը չփակի, ապա դա դրվելու է ՀՀ պետական բյուջեի վրա, ու հետևաբար, դառնալու է պետական պարտք։

Թերթի տվյալներով՝ «Նաիրիտը» վերագործարկելու համար անհրաժեշտ է մոտ կես միլիարդ դոլար։ Եթե դրանով զբաղվի «Ռոսնեֆտը», ապա ծրագրի արժեքը կարող է անցնել 700 մլն դոլարը։ Այսինքն, «Նաիրիտի» պարտքերը փակելու և այն վերագործարկելու համար կպահանջվի ավելի քան մեկ միլիարդ դոլար։

«Խիստ տրամաբանական կլինի, եթե «Ռոսնեֆտը» մի կողմ քաշվի գլխացավանքով լի մեկ միլիարդանոց «Նաիրիտից»,- գրում է թերթը՝ հավելելով, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում, կարելի է համարել, որ «Նաիրիտի» «երգը երգված է», քանի որ որևէ այլ ընկերություն գործարանի նկատմամբ հետաքրքրություն չի դրսևորում։

Մանրամասները՝ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում