Հայաստանի քաղաքացիները Ռուսաստան մեկնելիս առաջիկայում, հնարավոր է, ստիպված լինեն մուտքի վճար մուծել։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ «Արդար Ռուսաստան» կուսակցությունը Պետդումա է ներկայացրել մի օրինագիծ, որով առաջարկվում է Ռուսաստանի հետ ոչ վիզային ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիներից մուտքի վճար գանձել։ Ըստ օրինագծի՝ արգելվում է Ռուսաստանի հետ ոչ վիզային ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը երկիր, եթե մինչ ժամանումը նախապես վճարված չէ մուտքի վճարը։ Մուտքի վճարի չափն ու կարգը դեռ հայտնի չեն․ դրանք սահմանելու է ՌԴ կառավարությունը։
Նման վճարի ներմուծումն, ըստ հոդվածագրի, պայմանավորված է օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց Ռուսաստանից վտարման կամ արտաքսման համար բյուջեի ծախսերի կրճատման անհրաժեշտությամբ։ «Մինչ օրս օտարերկրյա քաղաքացիների արտաքսումն իրականացվում է պետության հաշվին։ Նախաձեռնության հեղինակը գտնում է, որ օրինագծով սահմանվող դրույթները լայնորեն տարածված են համաշխարհային պրակտիկայում և կոնկրետ պետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից կատարված հանցագործությունների կամ կոնկրետ պետության տարածքում այլ անցանկալի հիմքերով մուտք գործելու դեպքում դրանց արտաքսման երաշխիք են հանդիսանում», – նշում է «ՀԺ»-ն։
Իր հերթին, գլխավոր դատախազությունն առաջարկում է Ռուսաստանի հետ ոչ վիզային ռեժիմ ունեցող քաղաքացիների համար մուտքի վճարի փոխարեն սահմանել գումարային գրավ։ Գումարի չափը պետք է բավարար լինի, օրինակ, Ռուսաստանից արտաքսման դեպքում հետադարձ տրանսպորտային միջոցի տոմսի գնման համար։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում