«Հայ եկեղեցու պատմություն» առարկան աշխարհիկ է, ուղղակի նպատակ ունի ամբողջացնել հայի ազգային հոգևոր նկարագիրը։ Այս մասին «Քրիստոնեական բարեախոսության դասերը դպրոցներում» թեմայով քննարկման ժամանակ այսօր Մեդիա կենտրոնում ասել է Կրթության ազգային ինստիտուտի ներկայացուցիչ Հասմիկ Մարգարյանը։
Նշենք, որ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների հանձնաժողովը ՀՀ կառավարությանն առաջարկել էր վերանայել դպրոցական ծրագիրն ու վերացնել Կրոնի պատմության առարկան՝ հարգելով բոլոր երեխաների կրոնի ազատությունը։ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասել է, որ նման փոփոխություն չի պատրաստվում անել։
«Որևէ գրավոր բողոք ոչ մի ծնողից մենք չենք ստացել։ Ընդհակառակը, ստացել ենք գովեստի խոսքեր։ Ի վերջո, մենք դաստիարակում ենք արժեհամակարգ։ Ինչպես է, որ Իսրայելի պես պետությունում 50 տարի անց անցնում են «Ինքնանույնականացում» առարկա, որի նպատակը կրոնական և ազգային ինքնության նույնականացումն է։ Եվ մենք տեսնում ենք՝ ինչ մեծ քայլերով է Իսրայելն առաջ գնում»,- ասել է Հասմիկ Մարգարյանը։
Քննարկման մյուս բանախոս, խնդրի ուսումնասիրությունն իրականացրած հոգեբան Արմինե Դավթյանը չի համաձայնել, որ դասագրքերը աշխարհիկ են։ Ըստ նրա՝ դրանք պարտադրում են Առաքելական եկեղեցու դավանանքը․ դասագրքի հիմնավորման մեջ նույնիսկ գրված է, որ դրա նպատակն է երեխաներին հեռու պահել աղանդավորական կազմակերպություններից և դրանց վտանգից։
«Կրոնական կազմակերպություններից ոչ մեկն էլ նպատակ չի ունեցել հանրակրթություն մտնելու։ Դրանք բաց են, բայց չեն պարտադրում ոչ մի բան»,- ասել է Արմինե Դավթյանը։
Ազգային ինստիտուտը ներկայացնող Հասմիկ Մարգարյանը դեմ է արտահայտվել՝ ասելով, որ կրոնական կազմակերպություններն աշխատում են գրանտերի հաշվին և նույնիսկ խրախուսում են բանակից խուսափելը։
Քննարկումը վարող Արտակ Համբարձումյանը հարցրել է՝ արդյոք Մարգարյանը գրանտակեր է համարում նաև ՄԱԿ-ին։
«Նույն ՄԱԿ-ը Իսպանիայում, Ֆրանսիայում ինչո՞ւ չի պարտադրում կրոնի պատմությունը հանել։ Մենք ուզում ենք հայի տեսակը շարունակական լինի։ Ինչի՞ է վերածվել մեր հասարակությունը․ այսօր ամուսնանում են, վաղը՝ իրար դուր չեն գալիս, բաժանվում են»,- բարկացել է Մարգարյանը։