Հայաստանը Վրաստանից տարբերվում է նրանով, որ Ռուսաստանը, խոշոր հաշվով, Վրաստանի վրա լրջորեն ազդելու հնարավորություն չունի։ Հարավային Կովկասի երկու երկրները «Էխո Կավկազա»-ի թղթակցի հետ զրույցում համեմատել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ նախորդ շաբաթ Վրաստան կատարած այցի մասին։
«Վրաստանն ամեն հնարավորը կորցրել է 2008 թվականի պատերազմի ժամանակ։ Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցերը, թող ինձ ներեն վրաստանցի ունկնդիրներն ու իմ վրացի ընկերները, քաղաքական հեռանկարում փակված են։ Ռուսաստանն է՞լ ինչ անի՝ Թբիլիսի՞ն ռմբակոծի։ Բացի դրանից, ուրիշ ոչինչ հնարավոր չէ մտածել։ Եվ այսպես, այդ կտորները կորցնելով ու դրանք անցյալում թողնելով, Վրաստանը կարող է հայտարարել իր նատօամետ կողմնորոշման մասին, բացեիբաց հայտարարել, որ ձգտելու է դեպի Եվրամիություն։ Այլ հարց է՝ նրան այնտեղ սպասում են, թե ոչ, բայց դա արդեն ուրիշ խոսակցություն է։ Բայց այն, որ Վրաստանն իրեն ներկայացնում է որպես միանշանակ արևմտամետ պետություն, ճշմարտություն էր Սաակաշվիլիի տարիներին, ճշմարտություն է և հիմա։ Այդ առումով ոչինչ չի կարելի անել։ Ես վստահ եմ, որ Վրաստանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր կստորագրի։
Այլ հարց է Հայաստանը։ Հայաստանը ոչինչ չի կորցրել։ Հայաստանը Հարավային Կովկասում միակ պետությունն է, որը վերահսկում է իր տարածքը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակում է գոյություն ունենալ, այն բնակեցված է հայերով և շարունակում է վերահսկվել հայերի կողմից։ Ադրբեջանի հետ հակամարտությունը դեռևս առկա է ու, հետևաբար, պետք է ուժեղ բանակ, զինամթերք, պետք է անվտանգության հովանի։ Ու քանի որ այդ ոլորտում հեռանկարները կորած չեն, Հայաստանին պետք է նաև Ռուսաստանը։ Սա է պատճառը, որ Ռուսաստանը կարող է ազդել Հայաստանի վրա, ու երբ առաջանում է անվտանգության հարցը, Ռուսաստանը հնարավորություն ունի արգելափակել Հայաստանի զարգացման այն ուղիները, որոնք գոյություն կունենային, եթե Հայաստանն այդ կախվածությունը չունենար։
Հետևաբար, հայաստանյան քաղաքականությունը շատ ավելի հավասարակշռված է։ Հայաստանը Ռուսաստանի հետ վիճելու շքեղությունն իրեն չի կարող թույլ տալ, քանի որ վիճելու դեպքում կկորցնի այն ամենն, ինչ պատրաստ չէ կորցնել։ Ստացվում է, որ Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ հակառուսական կողմնորոշում ու ձգտում ցուցաբերել, հետևաբար, մեր երկրները տարածաշրջանում իրենց տարբեր կերպ են դիրքավորում»։
Անդրադառնալով ՀՀ նախագահի՝ վրացի գործընկերների հետ հանդիպումներին՝ փորձագետը նշել է, որ այդ այցը շատ հետաքրքիր երևույթի մասին է խոսում․ «Հայաստանն ու Վրաստանը, չնայած բոլոր դժվարություններին, չնայած իրենց բոլորովին այլ քաղաքական կողմնորոշումներին, արտաքին քաղաքականության վերաբերյալ բոլորովին այլ հայացքներին, այնուամենայնիվ, միշտ միմյանց միջև բարենպաստ, անխափան հարաբերություններ պահպանելու հնարավորություն են գտնում։
Չնայած շուրջը տեղի ունեցող հակամարտություններին, չէ՞ որ մեզ մոտ են գտնվում և՛ Սիրիան, և՛ Իրաքը, և՛ Ուկրաինայում տեղի ունեցողն ուղղակիորեն ազդում է թե Հայաստանի, թե Վրաստանի վրա, չնայած այս ամենին՝ Վրաստանի ու Հայաստանի թե նախկին, թե ներկայիս նախագահները կարողանում են բարենպաստ հարաբերություններ պահպանել։ Այդ այցը ևս մեկ անգամ վկայում է, որ մեր երկրները միմյանց միջև վատ հարաբերություններ ունենալու շքեղությունն իրենց թույլ չեն տալիս»։