Home / Տեսանյութեր / ՌԴ-ն ուզում է օգտագործել լարվածությունը՝ ԼՂՀ խաղաղապահներ մտցնելու համար․ քաղաքագետ

ՌԴ-ն ուզում է օգտագործել լարվածությունը՝ ԼՂՀ խաղաղապահներ մտցնելու համար․ քաղաքագետ

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը տեղեկատվական ֆոն է ստեղծում Լեռնային Ղարաբաղ խաղաղապահ զորքեր մտցնելու մասին հայտարարությունների համար։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Էդգար Վարդանյանը՝ անդրադառնալով ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Եվսեևի հայտարարությանը, թե ՌԴ-ն կարող է 100 տոկոսանոց խաղաղություն ապահովել, եթե թույլ տրվի ռուսաստանյան խաղաղապահ զորքերի մուտքը հակամարտության գոտի։

«Խաղաղապահ զորքերի՝ Լեռնային Ղարաբաղ մտնելը ևս մեկ քայլ կլինի՝ Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը մեծացնելու, քանի որ դա կլինի նոր, ևս մեկ ռուսական սուբյեկտ տարածաշրջանում։ Ինչևէ, ես կարծում եմ, որ նման հայտարարությունը քաղաքական ճնշում գործադրելու տեխնոլոգիա է»,- ասել է Էդգար Վարդանյանը։

Նա նշել է, որ, խաղաղապահ զորքերի հարցը բարձրացնելով, Ռուսաստանը միայն փորձում է մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում, քանի որ 1994-ից՝  զինադադարի պայմանագրի կնքումից ի վեր, լայնածավալ պատերազմական գործողություններ տեղի չեն ունեցել։ Բացի դրանից, եթե խնդիրն իրոք պատերազմը կանխելն է, ապա, ըստ Էդգար Վարդանյանի, դրան Ռուսաստանը կարող է օգնել քաղաքական լծակները օգտագործելու միջոցով։

«Այսինքն՝ ակնհայտ է, որ Ռուսաստանը աշխարհաքաղաքական շահեր է հետապնդում, ի թիվս այլի, կապված նաև Ադրբեջանի՝ Եվրասիական միություն հնարավոր անդամակցելու հետ։ Ինչևէ, չեմ կարծում, որ Մինսկի խմբի համանախագահների մեջ այս հարցով կոնսենսուս լինի։ Մյուս կողմերը, մասնավորապես, ԱՄՆ-ն, կարող են դեմ արտահայտվել ռուսական խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղ մտնելուն», – ասել է Էդգար Վարդանյանը։