Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը։ Վերջին տարիներին, սակայն, բազմաթիվ քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ, քաղաքացիական հատվածի ներկայացուցիչներ նշում են, որ Սահմանադրության օրն ամեևին էլ տոն չէ հայաստանցիների համար։ Ինչպես երեկ Սահմանադրության օրվան ընդառաջ տեղի ունեցած քննարկմանը նշել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, Սահմանադարության օրը որպես տոն չի ընկալվում, որովհետև այն, կարծես, որևէ անգամ իրականում չի ընդունվել, և քաղաքացիները չունեն այն ընկալումը, թե երկրում իրենց կամքով է իշխանությունն իրականացվում։
Դեռևս երկու տարի առաջ ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի հայտարարության մեջ նշվում էր, որ Սահմանադրության օրը վաղուց դարձել է սովորական «ոչ աշխատանքային օր»։ Հայոցյանի խոսքով՝ Սահմանադրությունը նրա համար չէ, որ «կեղծիքներով նախագահ դարձած մարդը երդման արարողության ժամանակ ձեռքը դնի Սահմանադրության վրա, հետո ծալի այն, գցի մի կողմ և առաջնորդվի իր՝ չգրված օրենքներով»:
Համաձայն միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականների, Հայաստանում պետական մարմինների կողմից հաճախ խախտվում է թե՛ Սահմանադրությունը, թե՛ այլ օրենքները։ Ամենաբարձր մակարդակով կոռուպցիա, քաղաքացիների նկատմամբ իրականացվող բռնաճնշումներ և խոշտանգումներ իրավապահ մարմինների կողմից, խաղաղ պայմաններում զոհվող զինվորներ բանակում և երկրի նախագահից ուղիղ կախում ունեցող դատական համակարգ՝ այս ամենով խախտվում է ՀՀ Սահմանադրության առաջին իսկ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Սահմանադրության երկրորդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով, իսկ իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:
Այս հոդվածի խախտումը կարելի է տեսնել գրեթե բոլոր համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ։ Ինչպես նշում են տեղական և միջազգային բազմաթիվ դիտորդներ, մասնավորապես, 2012 թվականի խորհրդարանական և 2013 թվականի նախագահական ընտրություններին մասսայական բնույթ են կրել լայնածավալ ընտրախախտումները, այդ թվում՝ ընտրակաշառքի բաժանում, ընտրողների ուղղորդում ընտրատեղամասերում, կրկնաքվեարկություններ։
Չնայած այս ամենին, երկրի իշխանությունները՝ ի դեմս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, շարունակում են պնդել, որ «Սահմանադրությունը դրսևորել է իր կենսունակությունը և բացահայտել մարտահրավերները հաղթահարելու հնարավորությունները» անգամ երկրի համար ճգնաժամային պահերին։
Այսօր իր շնորհավորական ուղերձում Սարգսյանն անդրադարձել է նաև իշխանության կողմից առաջարկած սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին, որով պետք է անցում կատարվի խորհրդարանական մոդելին, իսկ նախագահն ընտրվի 7 տարի ժամկետով։
Սարգսյանը, մասնավորապես, պնդել է, որ հասունացել է երկրում համակարգային փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը, և առանց սահմանադրական նոր բարեփոխումների դրանք չեն կարող լինել ամբողջական և համընդգրկուն:
«Այսօր սահմանադրական բարեփոխումների նոր առաջարկներն ակտիվորեն քննարկվում են մասնագետների և շահագրգիռ անհատների ու կազմակերպությունների կողմից», – ասել է Սարգսյանը:
Նշենք, որ իրականում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկմանը չեն մասնակցում ոչ իշխանական քաղաքական ուժերը, անկախ փորձագետները և հանրային հատվածի հիմնական մասը։
Ինքը՝ Սերժ Սարգսյանը, ապրիլի 10-ի իր ելույթում հայտարարել էր, որ այլևս երբեք չի հավակնելու նախագահի պաշտոնին, և եթե հայեցակարգի քննարկումների արդյունքում ընտրվի խորհրդարանական կառավարման մոդելը, որին ինքը դեմ է, ապա չի հավակնելու նաև վարչապետի պաշտոնին։