Երևանում գործող մի քանի տասնյակ տաքսու վարորդներ այսօր բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով կիրառել մոտ մեկուկես տարի առաջ ընդունված տաքսի ծառայությունների մասին օրենսդրական փոփոխությունը, համաձայն որի դեղին պետհամարանիշերը այլևս պարտադիր չեն տաքսու վարորդների համար և կարող են փոխարինվել սպիտակներով։ Մինչ այդ տաքսիները կարող էին աշխատել միմիայն դեղին պետհամարանիշներ ունենալով։
Տաքսիստների խոսքով՝ օրենքն ընդունելուց հետո իրենցից շատերը հանձնել են դեղին համարանիշերը, շատերը՝ ոչ, սակայն օրենքը չի կիրառվել։
Արդյունքում շահում են դեղին համարանիշերով մեքենաներ ունեցողները, քանի որ մարդիկ հիմնականում օգտվում են այդ տաքսիներից՝ կարծելով, թե դրանք են օրինական, մինչդեռ դեղին համարներն արդեն պետք է դուրս եկած լինեին շրջանառությունից։
Վարորդները պահանջում են, որպեսզի պետական մարմինները շուտափույթ որոշում կայացնեն՝ մնալու են դեղին համարանիշերը, թե՞ ոչ։
«Մենք վնասով ենք աշխատում, տուժում ենք ու էլ շարունակել հնարավոր չէ։ Քանի տարի առաջ պարտադրեցին, որ դեղին համարանիշ դնենք ու արեցինք։ էսօր ժողովուրդը հասկացավ՝ եթե դեղին համար է, ուրեմն օրինական է։ Հիմա կեսը դեղին են, կեսը ՝ սպիտակ։ Ժողովուրդը սովորել է դեղինին, հեռվից նայում են ու կանգնեցնում դեղին համարով մեքենան», – ասել է վարորդներից մեկը։
Վարորդների հետ զրուցելու ու խնդիրը հասկանալու համար մեկուկես ժամ անց ակցիայի վայր եկած Տրանսպորտի և կապի նախարարության ներկայացուցիչ Դավիթ Մելքոնյանը նշել է, թե դեղին համարներ այլևս չեն լինելու, դրանք հանվելու են ԱԺ-ի կողմից նոր օրենքի ընդունումից հետո։
Պատասխանից վրդովված վարորդները հակադարձել են, որ այդ նույն ԱԺ-ն ոչ մի վայրկյան չէր կորցնում, երբ բարձրացնում էին պատգամավորների աշխատավարձերը, ու նույն պատրաստակամությամբ ընդունում են օրենքներ, որոնք ձեռնտու են իրենց։
«1,5 տարի անհավասար դաշտում ենք աշխատում, էլ տեղ չկա, բանկը խեղդում ա, պարտքերը շատանում են։ Փաստորեն ի՞նչն է արտասովոր՝ մարդիկ խնդրում են կիրառել եղած օրենքը, իսկ պետությունը զարմանում է։ Բարի եղեք՝ մեզ պատասխանեք մի շաբաթում, ոչ թե ասեք՝ սպասեք մինչ հոկտեմբեր, կամ չգիտեմ ինչ», – եզրափակել է վարորդներից մեկը։