Տավուշի մարզի Չինարի գյուղում չկա տուն, որը չի վնասվել հակառակորդի գնդակոծությունների հետևանքով։ Այս մասին այսօր Epress.am-ին հայտնել է գյուղապետ Սամվել Սաղոյանը։ Նրա խոսքով՝ գնդակոծությունները սկսվել են հունսի 21-ից և, բացի հուլիսի 7-ից և 8-ից, շարունակվել են ամեն օր։ Երեկ երեկոյան հակառակորդը դարձյալ մի քանի ժամ գնդակոծել է Չինարին։
«Բարեբախտաբար և հրաշքով մարդ չի վիրավորվել, միայն տներն են ավիրվել, պատուհաներ են ջարդվել։ Մարդիկ տնից դուրս չեն գալիս, [գնդակոծությունները] չեն թողնում՝ մենք աշխատենք»,- ասել է Սաղոյանը։
Նրա խոսքով՝ հիմնականում գնադակոծությունները լինում են երեկոյան։ Այսօր առավոտյան ռազմական գործողությունները դեռ չեն սկսել։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում գնդակոծվել են նաև Տավուշի մարզի Մովսես, Այգեպար, Ներքին Կարմրաղբյուր գյուղերը։