Վերջին երկու օրերին լրատվական դաշտում տարածված ադրբեջանական դիվերսիոն խմբի մասին լուրերի հետ մեկտեղ նշվում էր, որ Քարվաճառի (Քելբաջար) շրջանում նաև մի 14 տարեկան երեխա է կորել: «Հայկական ժամանակ» օրաթերթը երեկ որոշ մանրամասներ է պարզել անհետացած երեխայի մասին:
«Անճշտությունն այն է, որ երեխան 17 տարեկան է՝ Սմբատ Ցականյան անուն-ազգանունով, ում ընտանիքը Չարդախլու գյուղից է եղել, սակայն պատերազմից հետո տեղափոխվել է Քարվաճառ: Սմբատը անհետացել է հուլիսի 4-ի երեկոյան, Ճումեն կոչվող տեղամասում գտնվող իրենց պատկանող տանից: Սմբատի հայրը Մեխակ Ցականյանը, ով զբաղվում է անասնապահությամբ, երեկ մեզ որոշ մանրամասներ ներկայացրեց․
– Պարոն Ցականյան, ե՛րբ է անհետացել ձեր որդին:
– Որդիս տանը մենակ է եղել, եղբորս տղան և մյուսները գնացել են պոպոկ հավաքելու, ինքը տանը մենակ է մնացել: Առավոտ եկել եմ, տեսել որդիս չկա:
– Լրատվական կայքերում տարածված տեղեկությունների համաձայն, ձեր որդին անհետացել է դիվերսիոն գործողությունների արդյունքում: Ճի՞շտ է արդյոք այս տեղեկությունը, թե՝ ոչ: Ձեզ ի՛նչ է հայտնի:
– Այո, հենց այդ ժամանակ է անհետացել, հենց դիվերսիոն գործողությունների ժամանակ է եղել: Դիվերսիայի արած գործերն ա: Մտել են մեր տուն, բան-ման ա պակասում, ուտելիք են տարել: Երևակայեք, դիվերսիոն գործողությունները հենց այդ օրն են եղել, սակայն չգիտեմ քանի հոգի է եղել: Ես 100 տոկոսով վստահ եմ, որ դիվերսանտներն են որդուս տարել: Ուղղակի ես չգիտեի, որ որդիս մենակ կմնա ու սենց բան կլինի, կգան ու կտանեն:
– Վերջին անգամ ե՛րբ եք տեսել ձեր որդուն:
Հուլիսի 4-ի երեկոյան իրեն թողել ենք գնացել, առավոտյան եկել եմ, տեսել չկա»:
ԼՂՀ ոստիկանության կայքում հայտարարություն է զետեղվել այն մասին, որ Սմբատ Ցականյանը տանից դուրս է եկել հուլիսի 4-ին և չի վերադարձել։ Այս պահին երիտասարդին որոնում են։ Այլ մանրամանսեր ԼՂՀ ոստիկանությունը չի հայտնում։
Հոդվածն ամբողջությամբ՝ օրաթերթի այսօրվա համարում