ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը (լուսանկարում) մարտին գումարային վեճ է ունեցել «Սթար» խանութների ցանցի սեփականատեր Գևորգ Աֆանդյանի հետ, որին նա պարտքով 5 մլն 146 հազար 842 դոլար էր տվել և չէր կարողանում հետ վերցնել, «Հրապարակ» օրաթերթում գրում է Սյուզան Սիմոնյանը։
Նա նշում է, որ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումից չի երևում, թե ինչպես և երբ է գոյացել Աֆանդյանի պարտքը պետական չինովնիկ և ստվերային միլիոնատեր Պողոսյանին։
ԴԱՀԿ մամուլի պատասխանատուն հրաժարվել է թերթին տվյալ գործով որևէ պարզաբանում տալ՝ պատճառաբանելով, թե այն վերաբերում է անձնական հարցերին, ոչ թե ԴԱՀԿ-ի գործունեությանը։
Սիմոնյանը հիշեցնում է, որ 2011թ․ օգոստոսին «Սթարի» խոշորագույն բաժնետեր դարձավ օֆշորում՝ բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված Viest Assets ընկերությունը, իսկ մեկ ամիս անց «Սթար Դիվայդ» ընկերությունը գնեց «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը և ԴԱՀԿ պետին պատկանող «Քեթրին» ցանցի 30 խանութները։
Կարելի է ենթադրել, որ պարտքը գոյացել է հենց այդ ժամանակ, նշում է հոդվածագիրը՝ հավելելով, որ դատական ընթացքն անսպասելիորեն լավ է ավարտվել սնանկ բիզնեսմենի համար, որի ծանր շրջանը կարծես թե հետևում է։
Դատական լսման ընթացքում կողմերը եկել են համաձայնության, և հաշտության համաձայնությամբ Պողոսյանը զիջել է իր 5 մլն դոլար պարտքի մեծ մասը։ 5.146.842 մլն դոլարը, ըստ դատարանի հաշվարկի, 2 մլրդ դրամից քիչ ավելի է։ Այս գումարի մեծ մասը՝ 1.5 մլրդ դրամը, գոյացած տոկոսներով, փաստորեն, ԴԱՀԿ պետը զիջել է Գևորգ Աֆանդյանին, նրանից պահանջելով ընդամենը 499 մլն դրամ։ Ինչ փոխհամաձայնության արդյունք է եղել այս գործարքը, ով է համոզել Պողոսյանին հրաժարվել այդ ահռելի գումարից, վարկածների տիրույթում է։ Դատարանում նրա ներկայացուցիչ, փաստաբան Լյուդվիգ Դավթյանը թերթին ասել է, որ չի ցանկանում որևէ տեղեկություն ավելացնել այն ամենին, ինչ կա դատարանի որոշման մեջ։ Հարցին, թե ինչ պայմանով է Միհրան Պողոսյանը 1.5 մլրդ դրամ «նվիրել» Աֆանդյանին, նա չի ցանկացել պատասխանել, քանի որ «դա Պողոսյանի բարի կամքն է եղել»։
Սիմոնյանը չի բացառում, որ այս հարցում մեծ դեր է կատարել նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, որի հետ վերջերս մտերմացել է Աֆանդյանը, և որը, թերթի տեղեկություներով, իր հովանավորության տակ է վերցրել առևտրային հայտնի ցանցի տիրոջը՝ ցանցի, որից մնացել է միայն անունը՝ «Սթար»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում